Մատչելիության հղումներ

«Ափսոս, չկարողացա Արցախն էլ վերմակի մեջ փաթաթել, փրկել». Սյունիքում հաստատված արցախցիները վերադառնալ են ուզում


44-օրյա պատերազմը տասնյակ հազարավորների անտուն ու կարոտով թողեց: Մեկ տարի առաջ այս օրերին միայն Սյունիքը 20 հազար արցախցիների ընդունեց, կերակրեց, տանիք տվեց 44 և ավելի օրեր, ամիսներ։ Այսօր էլ այս մարզը, որ նախկինում Արցախի հարևանն էր, իսկ հիմա Ադրբեջանի, բազմաթիվ արցախցիների բնակավայրն է դարձել: Սյունիքում այժմ շուրջ 4 հազար արցախցի է ապրում:

Նրանցից Զաբել Կարապետյանը Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի բաբոն էր, հիմա դարձել է Շուռնուխի բաբոն: Այստեղ էլ ապահով չէ. մի քանի մետր ներքև ադրբեջանցիներն են: «Տասը մետր ա հեռավորությունը, բայց սուսիկ-փուսիկ են», - ասում է նա:
Զաբել Կարապետյանը ամեն ինչն է կարոտել, այդքանը թվարկելու ուժ չունի, նա գյուղի հրդեհվող տները տեսել ու հեռացել է, որ ողջ մնա. «Ինչ անեմ ախր, կյանքը քաղցր ա, ուզում ես ապրած լինես»:


Ինչո՞ւ այսպես եղավ. այս հարցի պատասխանն էլ ունի` Թուրքիան, անօդաչուները և մեր պատրաստված չլինելը պարտություն բերեցին. «Բայց միևնույն է` եթե Թուրքիան չլիներ, մեր հայերը ադրբեջանցոց կքշեին», - վստահ է նա:

Բաբոյի հայրն էլ Մեծ հայրենականում է զոհվել, որդին, թոռը այս պատերազմի դժոխքով են անցել. «Պատերազմից վատ բան չկա, լավ ա սոված լինես, պեպիկ, ծնկաչոք, բայց պատերազմ չլինի»:


Քաշաթաղի Ծաղկաբերդ գյուղից Կոռնիձոր... Մանուշակ Խաչատրյանի համար կյանքը գլխիվայր է շուռ եկել։ Նրա 25-ամյա որդին` Գոռը պատերազմի առաջին օրերի զոհերից է: Մայրն ուզում է սփոփել իրեն՝ գոնե երեսը տեսավ, հուղարկավորեց, գիտի տեղը:

«Երանի եմ տալիս, որ տեղը գիտեմ», - նկատում է նա:

Գոռը Ջաբրայիլի դիրքերում է եղել, զոհվել դիպուկահար կրակոցից: Մահվան լուրը հասել է Ծաղկաբերդ, գյուղում բոլորը գիտեին, ու ոչ ոք չէր համարձակվում մորը հայտնել: Մանուշակ Խաչատրյանն ասում է. «Ես էլ հաց էի թխում, որ դիրքապահ տղաներին ուղարկեի, մտածում էի` իմը չուտի, մեկինը կուտի»:


Հետո սկսել են Գոռի մարմինը որոնել, ամուսինը շրջել է Արցախի հիվանդանոցներով, ի վերջո Գոռի հեռախոսահամարը հավաքել Գորիսի դիահերձարանի դռան մոտից, ու ներսից զանգի ձայն է լսվել: Յուրա Հարությունյանն ինքն էլ արցախյան առաջին պատերազմի մասնակից է: Ծաղկաբերդից հեռանալիս առաջինը զոհված որդու աղավնիներն է տեղափոխել:


Գոռը 1.5 տարեկան փոքրիկ տղա ունի, նրան մեծացնում է 18 տարեկանում այրիացած կինը:

«Այս ի՞նչ պատերազմ էր», - չի հանգստանում Յուրա Հարությունյանը. պատերազմի օրերին ինքն էլ առաջնագծի տարբեր կետերում է եղել, ասում է` հրաման տվող չկար. «Մի գեներալ չկար, լրիվ փախել են, աֆիցեռներն իրենց հարազատներին վերցրել, փախել են: Մինչև հիմա Շուշիի կամադիրը չեն իմանում` ով էր»:

Կոռնիձորն այս պատերազմից հետո սահմանի գյուղ է դարձել, երեք կողմից ադրբեջանցիներ են դիրքավորված մի քանի հարյուր մետրի վրա։


Ծիծեռնավանքի Արահոծ գյուղի վարդերը այս տարի կոկոն տվեցին Սյունիքի Արավուսում: Պատերազմը Շուշիում ծնված, Արավուսում մեծացած, Արահոծ տեղափոխված Ելենա Հայրապետյանին հետ բերեց Արավուս:

«Չէինք հավատում, առաջին կրակոցից ես ուշագնաց եմ եղել», - հիշում է նա:

Դեկտեմբերին՝ ձյուն -ձմեռ, գյուղը հանձնեցին ադրբեջանցիներին:
Արավուսում մի տնակ են տվել, ամուսնու հետ է ապրում: Որտեղ էլ տուն լինի, կգնանք կապրենք, ասում է Ելենա Հայրապետյանը:

Արավուսն էլ սահմանամերձ է՝ գյուղի բարձունքներում ադրբեջանցիներն են նստած:

«Գիշերը վախելով քնում ենք, առավոտը հելնում ենք, ասում ենք` փառք քեզ, Աստված ջան, էսօր էլ արթնացանք, - ասում է կինը` հավելելով, - ափսոս չկարողացա Արցախն էլ վերմակի մեջ փաթաթել-փրկել»:

XS
SM
MD
LG