Մատչելիության հղումներ

Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր․ Ալիևի խորհրդական


Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:

Նախագահ Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է նա:

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել:

Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», - օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ:

Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին`պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում:

Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա`հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:

Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը`ամեն գնով:

«Մոսկվայի համար կարևոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար», - ասել է ռուս պաշտոնյան, հավելելով․ - «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին, անցել է առնվազն երեք ամիս, սակայն, այս հարցում առաջընթաց դեռ չկա:

Փաստացի, մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությունը, մինչդեռ, չի հստակեցնում`կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները, և ինչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG