Մատչելիության հղումներ

«Բաքուն չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտականությունները». Միրզոյանը՝ Լավրովին


Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

«Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմն համաձայնագրով ստանձնած պարտականությունները», - ընդգծել է Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով:

«Բաքուն սադրիչ քայլերի է դիմում, խախտում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին մենք առնչվեցինք այս տարվա մայիսի 12-ին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը նաև շեշտել է, որ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարին ողջունելիս Լավրովն ընդգծել է, որ Միրզոյանը նոր մարդ չէ և նրա նախկին կապերը կօգնեն նրան էլ ավելի արդյունավետ զարգացնել հայ-ռուսական կապերը: Ռուսաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա:

Այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն տեղեկանք է հրապարակել, որում այսօրվա հանդիպման օրակարգն էր, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների վերջին երկու տարիների հանդիպումների և շփումների ամբողջական ցանկը, Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների ցանկն ու ներդրումների ծավալը։

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած փաստաթղթում մասնավորապես ասված է, որ այսօրվա բանակցությունների առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքն է՝ ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած տեղեկանքում նշված է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են և 14 հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է նաև, որ Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2,1 մլրդ դոլար՝ ընդհանուր ներդրումների 40 տոկոսը։

Լավրով-Միրզոյան հանդիպմանն ընդառաջ Մոսկվան հայտնում է նաև, որ անցած տարի համավարակի պայմաններում ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան են փոխանցել շուրջ 829 մլն դոլար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները վերահսկում են ռուս սահմանապահները։

Երեկ երեկոյան Մոսկվայում Արարատ Միրզոյանը ընթրիք է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Լավրով-Միրզոյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը երեկ Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի և Մինսկի խումբն այլևս անելիք չունի:

XS
SM
MD
LG