Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն խրախուսում է համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը, վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում:
Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միասին աշխատելու` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։
Բլինքենի ուղերձում նաև նշվում է, որ ակնկալում են համագործակցություն ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար:
ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է` Միացյալ Նահանգները Հայաստանի կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։
«Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը», - ասված է պետքարտուղարի ուղերձում: