Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք սադրիչ գործողություններին Զինված ուժերը տալիս են արժանի պատասխան, այսօր Ազգային ժողվում հայտարարեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
Սահմաններին ստեղծված իրադրության շուրջ փակ քննարկումն այսօր խորհրդարանում նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Այդ առիթով Ազգային ժողով եկած զինված ուժերի ներկայացուցիչը շեշտեց՝ վերջին սահմանային միջադեպերի հետևանքով կորուստներ նաև ադրբեջանական կողմն ունի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ավելի վաղ հերքել էր իրենց զոհերի մասին հայկական կողմի տեղեկությունը։
«Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և այդ խնդիրը, որն առաջադրված է Զինված ուժերին, մեր բանակին, մենք կատարելու ենք», - նշեց Ասրյանը:
Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին հաղորդեց՝ Արարատի մարզի՝ Երասխի ուղղությամբ, Սյունիքի մարզի Սև լճի շրջանում և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։
Ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ երեկ էլ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը 1 զոհ ու մեկ վիրավոր ունի:
Ի՞նչ նպատակն է հետապնդում Ադրբեջանը սահմանային լարումներ հրահրելով, Գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, բայց դա չի ստացվում։ Ըստ Ասրյանի, նույն Սև լճի տարածքում ադրբեջանական զինված ուժերը փորձել են մոտենալ հայկական մարտական դիրքերին, սակայն ձախողել են։
«Հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, ինքը չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր միջդիրքային տարածքում, մեր և իրենց դիրքերի արանքում, մեր զինծառայողների մարտական ծառայության նպատակային, ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա տալով կորուստ հետք է քաշվել», - ներկայացրեց Էդվարդ Ասրյանը:
Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի նպատակն առաջխաղացում ունենալն է, Ասրյանն ուղիղ պատասխան չտվեց. «Նպատակը առաջխաղացում ունենալը, դա ռազմական տերմինաբանության մեջ հասկացվում է տարբեր կերպ, կարող է նույնիսկ առաջխաղացում ունենալու միտում չի ունեցել: Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը՝ իրենց սադրիչ գործողությամբ: Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»:
Թե քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Հայաստանի ինքնիշխան տարածքում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը խուսափեց պատասխանել։ Սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ նիստի նախաձեռնող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ նիստից հետո իրենց մտահոգությունները չեն փարատվել. թշնամին Հայաստանի տարածքում է, կրակոցները գրեթե չեն դադարում, ունենք զոհեր։
«Մեր մնացած բոլոր մտահոգությունները կապված Հայաստանի սահմանների վիճակի, Արցախում տիրող իրավիճակի, այդ մտահոգությունները, բնականաբար, չեն փարատվել և շարունակում են մնալ: Այստեղ մենք ունենք հսկայական ծավալի աշխատանք», - ասաց Սաղաթելյանը:
Այսօր խորհրդարանում էր նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. հանդիպմանն, ըստ Հարությունյանի, սոցիալական և անվտանգային հարցեր են քննարկվել: Իսկ թե ի՞նչ իրավիճակ է շփման գծում Արցախի նախագահը շատ կարճ արձագանքեց. «Ղարաբաղում նորմալ է»: