Այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից սպանվել է Երասխի հատվածում ծառայություն իրականացնող 45-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ «Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդը կորուստներ է կրել»,- փոխանցում է ռազմական գերատեսչությունը։
Անցած մեկ ամսում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի հետևանքով արդեն չորս հայ զինվոր է զոհվել: Երասխում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության դեպքը եզակի չէ. մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում, գրեթե ամեն օր հաղորդվում է սահմանային միջադեպերի մասին։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության` գիշերը խաղաղ չի եղել նաև Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են առաջ գալ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում, բայց հայ դիրքապահների հակազդող գործողությունների արդյունքում հետ են գնացել ելման դիրքեր։
«Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան», - հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Սև լճի հատվածում տեղի ունեցած բախման, ինչպես նաև զոհ ունենալու մասին լուրերը։
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ևս գիշերը կրակոցներ են հնչել, «Ազատությանը» փոխանցեց համայնքի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Սահմանամերձ այս գյուղում ադրբեջանական դիրքերը 200-ից 800 մետր հեռավորության վրա են։
«Երևի ուզում էին վախեցնել, բայց մենք վախող մարդիկ չենք, վախկոտներ չենք իրենց նման», - նկատեց Հովսեփյանը:
Արավուսի ղեկավարը հայտնեց՝ գյուղում գտնվող հայ զինվորները պատասխան կրակ չեն բացել։ Անցած ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանցիները կրակ են բացում գյուղի ուղղությամբ։ Բարեբախտաբար, վնասներ չեն կրել։ Ասաց՝ գյուղում խուճապ չկա. «Ես որ չեմ թույլատրում իմ ջոկատին...ամեն ինչ էլ մտածում ենք, որովհետև բնակչություն է այստեղ, մոտիկ է ապրում: Բանակն իր գործն անում է, սահմանին կանգնած է, մենք էլ բանակի կողքին ենք, մեր ջոկատով բանակին օգնում ենք»:
Չնայած ադրբեջանական դիրքերը մոտ են, բայց դա գյուղում չի խանգարում բնականոն կյանքով ապրել, զբաղվել գյուղատնտեսությամբ, ասում է վարչական ղեկավար Հովսեփյանը. «Մենք մեր աշխատանքներն անում ենք»:
Արավուսից ահազանգեր ստացած Հայաստանի օմբուդսմենը շեշտում է՝ գյուղում ադրբեջանական կրակոցները դադարել են համայնքային մարմինների, առաջին բանակային կորպուսի և ռուսական սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո: Օմբուդսմեն Արման Թաթոյանն ադրբեջանական զինուժի այս գործողությունները որակում է հանցավոր, որոնք խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը։
«Մենք այս պահի դրությամբ չունենք իրականացված ոչ դելիմիտացիա, ոչ էլ բնականաբար դեմարկացիա, բայց մենք փոխարենը ունենք քաղաքացիներ, որոնց իրավունքները կոպտորեն խախտված են. նախ և առաջ մեր սահմանային բնակչությունն է, այստեղ ունենք կոպիտ խախտումներ` սեփականության իրավունքի խախտում, ազատ տեղաշարժի իրավունքի խախտում և այլ կենսական իրավունքներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպանը:
Թաթոյանը պատմեց, որ օրեր առաջ է վերադարձել Սյունիքից։ Շուռնուխից դեպի Կապան ճանապարհին մի քանի րոպեով կանգ են առել՝ դիտարկելու իրավիճակը, ինչից հետո ադրբեջանցի զինվորականը զենքը լիցքավորել և մոտեցել է իրենց։ Խնդիրներ չստեղծելու համար իրենք շարունակել են ճանապարհը. «Ասում եմ` 1-2 րոպե զենքը լիցքավորեց, հրազենը լիցքավորեց, պահեց մեզ վրա, եկավ, կանգնեց տնակ էր այդտեղ, և այդտեղ իրենք արդեն բավական լավ հիմնավորվում են ճանապարհին: Նրանց ներկայությունը... դե ոչ մի բան չասաց, մենք նրան անզեն աչքով տեսնում էինք, մենք որ դա տեսանք, ավելորդ լարվածություն որպեսզի չստեղծվի, հեռացանք այդտեղից»:
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր դարձան սահմանամերձ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ քանի դեռ այդ հատվածներում Ադրբեջանի սահմանները չեն ճշգրտվել, անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի, և ադրբեջանցի զինվորականները պետք է հետ գնան հայկական բնակավայրերից, որտեղ տեղակայվել են արդեն ամիսներ շարունակ, ընդհուպ տեղավորվել մարդկանց տներում և հողամասերում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի զինվորականների կողմից հայաստանցիների իրավունքների խախտումների մասին ամենօրյա ռեժիմով պետք է իրազեկել միջազգային կառույցներին, այդ երկրի ղեկավարներին կանչել պատասխանատվության, նկատում է Թաթոյանը։
«Եթե մենք մարդու իրավունքների տեսանկյունից ենք դիտարկում, դա պարտադրում է պետությանը կամ գործի է դնում միջազգային մեխանիզմները` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպական դատարան: Տեսեք` մենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և այդ անդամությունը երկու տարուց սպառվում է: Դա շատ բարձր ձեռքբերում է, որ մենք դարձանք անդամ: Հիմա, օրինակ, ես կարծում եմ, որ մենք պետք է լայնորեն օգտագործենք այդ հնարավորությունը, մի վայրկյան անգամ չկորցնենք, ընթացակարգեր նախաձեռնենք, օրինակ` հատուկ զեկուցող մի հատ նշանակել տանք, բերենք, սահմաններում տանենք դիտարկի սահմանները մանրամասն»:
Պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում ռուս-թուրքական վերաբաժանման գործընթաց է սկսված, «Ազատության» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Նա նկատում է, որ Ադրբեջանը չի խաղաղվի, քանի դեռ իր համար նպաստավոր փատաթուղթ չստորագրվի. «Այդ փասաթղթերից մեկը, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, Արցախը դրանում, դա դեմարկացիան և դելիմիտացիան է և այլն: Իրենք շարունակելու են սրումը, ճնշումը, փորձել մեզ վախեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց ուզածին, իսկ իրենց ուզածն այդ ստորագրություններն են»:
Անցած շաբաթ բացի Հայաստանի սահմաններին տեղի ունեցող միջադեպերից, հաղորդվել էր նաև Արցախում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների, նռնականետի, ինչպես նաև հարվածային անօդաչուների կիրառման մասին։ Այս տեղեկությունը նաև ռուս խաղաղապահներն էին հաստատել։