Մատչելիության հղումներ

Վերսկսվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի ձևաչափով աշխատանքները 


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ․

Ավելի քան երկու ամիս տևած դադարից հետո վերսկսվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ տեղեկանում ենք Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մամլո հաղորդագրություններից։

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները: Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը», - կարդում ենք Հայաստանի կառավարության՝ երեկ ուշ երեկոյան տարածած մամլո հաղորդագրությունում։

Ճի՛շտ նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի կառավարությունը։

Հատկանշական է, որ եռակողմ այս ձևաչափով աշխատանքները վերսկսվեցին, չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև ավելի է սրվել՝ մոտ երկուսուկես ամիս առաջ եղած իրադրության համեմատ, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս հունիսի 1-ին հայտարարեց, որ եռակողմ ձևաչափով աշխատանքները դադարեցված են՝ սահմանին իրավիճակի պատճառով։

Պաշտոնական Երևանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք փոխվարչապետերի ձևաչափով բանակցությունները կվերսկսվեն միայն այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը հեռանա Հայաստանի տարածքից։

«Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով», - ասել էր Գրիգորյանը:

Այս ամենի ֆոնին՝ անցած հինգշաբթի՝ կառավարության նախորդ նիստում հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանը պատրաստ է բարձրագույն մակարդակում ներգրավվել Ադրբեջանի հետ բանակցություններում, սպասում է կոնկրետ առաջարկների, և խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից։

«Իհարկե, կան հարցեր որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից», - հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունից հետո տարածաշրջանային ուղիներ վերագործարկմանը՝ անցած կիրակի CNN Turk-ի հետ զրույցում անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարելով, թե «դժբախտաբար, Հայաստանը մինչև վերջին օրերս առարկում էր Զանգեզուրի միջանցքի բացման դեմ։ Մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ նրանք նույնպես դեմ չեն»։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», այլ խոսքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման մասին է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG