Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ խնդիրն է բոլոր մեթոդներով ճնշել հակառակորդին. ԳՇ պետի տեղակալ 


Հայաստանի զինված ուժերի խնդիրն է ցանկացած ժամանակ բոլոր մեթոդներով ճնշել ադրբեջանական զինուժին՝ այսօր առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։

Գեներալ-լեյտենանտը մանրամասնեց, որ ադրբեջանական զինուժը առաջխաղացման փորձեր չի ձեռնարկում, այլ ձգտում է լարված պահել սահմանային իրավիճակը։

Մակարյան. - Սահմանին այն իրավիճակն է, ինչ որ դուք այսօր ականատես եք, և լրագրողներդ ունենք համապատասխան տեղեկություններ սահմանում մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական մարտական գործունեության առօրյան:

«Ազատության». - Սպասո՞ւմ եք, որ լարվածությունը կաճի:

Մակարյան. - Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ լարվածությունը միշտ էլ լինելու է: Մեր խնդիրը, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ թե լինենք պատրաստ այլ ցանկացած ժամանակ ուղղակի ճնշենք դրանք բոլոր մեթոդներով:

«Ազատություն». - Վերջերս պաշտպանության նախարարն ասաց, որ պետք է բոլոր միջոցները գործադրվեն, որպեսզի Հայաստանի սահմանը խախտած հակառակորդին զսպեն, հետ մղեն, ի՞նչ կարող եք ասել այս մասին, որքան հասկանում ենք պատերազմից հետո փոխվել է նաև այս առումով Հայաստանի ռազմական գերատեսչության մոտեցումը:

Մակարյան. - Ընդունեք պաշտպանության նախարարի ասած խոսքերը բառիս բուն իմաստով:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երեկ Արարատի մարզի (Երասխի ուղղությամբ), Սյունիքի մարզի (Սև լճի շրջանում) և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իրենց զոհերի մասին այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ ադրբեջանական զինուժը երեկ մարդկային կորուստներ չի կրել։

Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, թե ադրբեջանական զինուժը ուղիղ նշանառությամբ կրակում է Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա։

Հայաստանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրության համաձայն, օրվա երկրորդ կեսին Սոթքի հատվածում հակառակորդի կրակից վիրավորվել է հայկական զինուժի մեկ զինծառայող։

Լրագրողների հարցին, թե Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման պրոցեսն ի՞նչ փուլում է, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. «Այդ տեղեկությանը չեմ տիրապետում, չեմ կարող պատասխանել»:

Անդրադառնալով «Ազատության» դիտարկմանը, որ պաշտպանության նախարարի Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ ռուսաստանյան սպառազինության մատակարարումներ են սկսվել կամ պետք է սկսվեն, Մակարյանն արձագանքեց. «Ես այդ մասին չեմ կարող պատասխանել, որովհետև այն, ինչ դուք եք ասում, ես ընդամենը այդ տեղեկությանը տիրապետողն եմ, երբ որ կսկսվի, ուրեմն կսկսվի»:

Հարցին՝ հակառակորդը փորձում է Երասխի և Կութի ուղղությամբ առա՞ջ շարժվել, թե՞ փորձում է լարվածություն ստեղծել, գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Միայն լարվածություն»:

Անդրանիկ Մակարյանը այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հուշակոթողի մոտ։ Գրեթե երկու դար առաջ Արևելյան Հայաստանի համար մղվող ռուս-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1827թ. օգոստոսի 17-ին ռուսական զորքը հաղթանակ տարավ Օշականից մինչև Էջմիածին ձգվող ճակատամարտում։

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, 17-ը օգոստոսի, 2021թ.
Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, 17-ը օգոստոսի, 2021թ.

Սովորաբար, ամեն տարի այս օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող և ճակատամարտից յոթ տարի անց կառուցված հուշակոթողի մոտ հիշատակի միջոցառում է կազմակերպվում։ Այսօրվա միջոցառմանը Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը որոշեց խոսել հայ-ռուսական դարավոր բարեկամությունից, արտաքին սպառնալիքին միասնաբար դիմագրավելու պատմությունից։

Սինեգուբովը, իհարկե, ոչինչ չասաց, թե Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններ ունեցող Ռուսաստանը կամ Կրեմլի առաջնորդած ՀԱՊԿ-ը ինչու են փաստացի անգործություն դրսևորում մեր օրերում, երբ Հայաստանը ենթարկվում է ադրբեջանական զինուժի հարձակումներին։

Փոխարենը, ուշագրավ հայտարարությամբ այսօր իր խոսքը եզրափակեց գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը. «Հայ մարդու կերպարը հետևյալն է՝ ձախ ձեռքին՝ Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ «պուլիմյոտ Կալաշնիկովա», այս է մեր կերպարը, մինչև վերջ պիտի կռվենք ու ապրենք»:

Առավոտյան հաղորդագրությամբ հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, թե արձակուրդում գտնվող դեսպան Սերգեյ Կոպիրկինն Արարատի մարզում այցելել է նաև սահմանի առանձին հատվածներ, այդ թվում՝ Երասխի ուղղությամբ, որտեղ հանդիպել է հայ և ռուս սահմանապահներին։

Երասխի ուղղությամբ հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը, ըստ տեղի լրատվամիջոցների այսօրվա հաղորդման, այցելել է Նախիջևան։

XS
SM
MD
LG