Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը կրակում է Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ


Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա, ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Կրակոցները, ըստ Թաթոյանի, ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

ՄԻՊ-ն ընգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:

Քիչ առաջ Հայաստան պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հաղորդել էր, որ Երասխի հատվածում, 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Նշենք, որ ադրբեջանական կողմը հերքում է իր մեղսակցությունը հայ զինծառայողի մահվանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG