Երասխում և հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում իրադրության սրումը Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ճնշումն է Հայաստանի նկատմամբ, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն» - Պարո՛ն Քոչինյան, ի՞նչ է նշանակում Երասխի շուրջ այս իրավիճակի սրումը: Ի՞նչ գնահատական ունեք Դուք:
Արեգ Քոչինյան - Մի քանի շերտ կա այստեղ իրականում, ամենակարևորից սկսենք, ամենագլոբալից սկսենք: Սա ճնշում է Հայաստանի վրա, ճնշում է Հայաստանի վրա, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի կողմից, մեկ գլոբալ նպատակով` թույլ չտալ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ինչո՞ւ: Որովհետև 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, տարածաշրջանում ստեղծվել է մի նոր ստատուս քվո ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունները հիմք ունեցող, որի միջազգայնորեն լեգիտիմիզացնելու և միջազգայնորեն հանրությանը հրամցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության համաձայնությունը` մի շարք փաստաթղթերի` դա դելիմիտացիան է, դեմարկացիան է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության տարածումն է, միջանցքն է և այլն:
Այս ամեն ինչը, ըստ էության, անիրականանալի կդառնա, եթե վերսկսվեն Մինսկի խմբի բանաձևով բանակցությունները, և հենց այս առումով է, որ պետք է տեսնել այս վերջին սրացումները, ընդ որում ոչ միայն Ձեր նշած հատվածում, այլ նաև մեր սահմանների ամբողջ երկայնքով և պարբերաբար այդ կրակոցները և այլն Ստեփանակերտի մոտ, սա ճնշման փորձ է Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանն ավելի շուտ համաձայնի այն նոր ստատուս քվոյի փաստաթղթային բազային, քան կսկսվեն բանակցությունները:
«Ազատություն» - Գլխավոր հարցը, թերևս, այստեղ այն է, թե ինչ է ցանկանում Ադրբեջանը: Վերջին շրջանում հետևելով Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների, առաջին հերթին նախագահ Ալիևի հայտարարություններին` մենք տեսնում ենք, որ Բաքվում ավելի շատ խոսում են երկու հարցի մասին. առաջինը` սահմանազատումը Հայաստան-Ադրբեջան, Հայաստանն, ըստ Ալիևի, պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, և ինչպես իրենք են կոչում` «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ձեր կարծիքով` ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը:
Արեգ Քոչինյան - Ադրբեջանը ցանկանում է ամեն հնարավոր գնով հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի արցախյան հիմնահարցում մասնակցությունից, Հայաստանը հրաժարվի Արցախի հարցից ընդհանրապես: Մնացած բոլոր խոսակցությունները, գիտեք, պարբերաբար նկատած կլինեք` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսում է ինչ-որ արևմտյան Զանգեզուրից, արևմտյան Ադրբեջանից, Սևանին են ինչ-որ թուրքերեն անուն տալիս, Երևանին են թուրքերեն անուն տալիս, այդ ամեն ինչը ընդամենը մի ձևաչափ է օգտագործվող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որպեսզի մեզ համար ավելի դժվար լինի խոսել Ղարաբաղից, այսինքն` իրենց հաշվարկով, երբ իրենք խոսում են Երևանից, Սևանից, Զանգեզուրից, մեզ համար ավելի դժվար կլինի խոսել Ղարաբաղից:
Սա ընդամենը ավելի քայլի իմիտացիա է, որպեսզի հետ քայլ անելու հնարավորություն, այսինքն` պահանջել շատ ավելին, քան իրականում ուզում ես` ավելի նվազով բավարարվելու իմիտացիա ստեղծելու տեսանկյունից: Բայց ես Ձեզ հետ չեմ համաձայնի մի կետով, երբ ասում եք, թե այստեղ էական է, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Ես չեմ կարծում, որ այստեղ էական է, թե ինչ է ուզում Ադրբեջանը, այստեղ էական է, թե ինչ են ուզում Թուրքիան և Ռուսաստանը, որովհետև նոյեմբերյան պայմանավորվածությունը, որ կա, այդտեղ հայտնի չափով կա, առաջին հերթին, բնականաբար, կա Ռուսաստանի ցանկությունների արտահայտությունը, և կա նաև Թուրքիայի ցանկությունների արտահայտությունը: Ռուս-թուրքական պայմանավորվածությունները ստեղծել են մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, և տարածաշրջանն, ըստ էության, փորձ է արվում վերաբաժանել երկու ազդեցության գոտիների` ռուսական և թուրքական` դուրս թողնելով արևմտյան տերությունները:
«Ազատություն» - Ինչպես եղավ հարյուր տարի առաջ:
Արեգ Քոչինյան - Այո, ճիշտ և ճիշտ: Արևմտյան տերությունները, բնականաբար, սրա հետ չեն համաձայնվելու, և այստեղ, ըստ էության, մեր դերը պետք է լինի հետևյալը` մենք պետք է գտնենք շահերի համընկնում ունեցող դաշնակիցներ և նրանց հետ փորձենք դանդաղեցնել առնվազն այս փուլում ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
«Ազատություն» - Ինչո՞ւ հենց Երասխի ուղղությամբ իրադրությունը նման կերպ սրվեց. հուլիսի 14-ին մենք զոհ ունեցանք և հիմա տեսնում ենք, որ այնտեղ նախորդ օրերին իրադրությունը սրվեց, այսօր, բարեբախտաբար, խաղաղ է եղել, բայց մենք տեսանք, որ Երասխի ուղղությամբ հակառակորդն անգամ ականանետեր կիրառեց: Ինչո՞ւ հենց Երասխ-Նախիջևանի ուղղությամբ:
Արեգ Քոչինյան - Նախ առաջինը` Երասխն առավելապես մոտ է Երևանին, սա մեզ ավելի ցավոտ հարվածելու փորձ է, և երկրորդը` Երասխն այն հատվածներից է, որոնք դուրս են նաև ռուս խաղաղարարների վերահսկողության գոտուց, ինչպես նաև չէր էլ պլանավորվում որևէ պահի այնտեղ տեղակայել ռուս խաղաղարարներ:
Այստեղ երկու միտում կարող է լինել. առաջին միտումը` մեզ, ինչպես արդեն նախորդ վերլուծությանս մեջ ասացի` հնարավորինս վախեցնելն է, ցավեցնելն է, ստիպելն է գնալ բանակցությունների, որոնց մասին արդեն ասացի, երկրորդ տարբերակը` մեզ ստիպելն է դիմել Ռուսաստանին` այստեղ նույնպես խաղաղարար կոնտինգենտ տեղակայելու խնդրանքով:
Գիտեք, երբ որ քո բոլոր սահմանները խաղաղարար կոնտինգենտ կամ երրորդ երկրի ուժեր են վերահսկում, դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն, այսինքն` սա մեզ հնարավորինս ցավոտ հարված հասցնելու փորձ է:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.