Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի տրակտորիստը մոտ 10 մետր սահմանն անցել է ու դարձել 5 ժամ տևած եռակողմ բանակցության թեմա


Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը այս պահի դրությամբ հանգիստ է, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Շաբաթ օրը կեսօրից ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ էր բացել հայ դիրքապահների ուղղությամբ։ Հունիսի 14-ից էր Նախիջևանի սահմանին իրավիճակը սրվել, ադրբեջանական կրակոցից հայ պայմանագրային սպանվեց։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, սահմանի մյուս հատվածներոում՝ Գեղարքունիք, Սյունիք, վերջին օրերին լուրջ միջադեպեր չեն եղել։

Սահմանային գյուղերում, սակայն, ամենօրյա խնդիրներ են ծագում անասնապահների կամ խոտ հնձող գյուղացիների հետ։ Այսօր առավոտյան Տեղ գյուղի տրակտորիստը մոտ 10 մետր սահմանն անցել է ու դարձել 5 ժամ տևած եռակողմ բանակցության թեմա։

«Առավոտվանից բանակցությունների մեջ ենք։ Իրանք էս մեկը էկավ, էն մեկը էկավ, ես խաղաղապահ զորքերի հրամանատարին, մեր բանակային կորպուսի հրամանատարին ասել, ռուսների սահմանապահ զորքերի հրամանատարին։ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարն էլ ա էկել։ Արդեն չորս-հինգ ժամ ա բանակցությունների մեջ ենք։ Ցորենի բերքը հավաքելու ժամանակ մեր մեխանիզատորը մի տասը մետր շփոթվել ա, մտել ա իրանց տարածքով ա ֆռռացել, հետո էկել են մեր տարածքում մեր տեխնիկան կանգնացրել», - «Ազատությանը» պատմեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նա իրավիճակը բնական է համարում, քանի որ, ասում է, սահմանը բաժանարար ոչ մի գիծ չունի, գյուղացին չի պատկերացնում, որ իր արտի մի մասն այժմ Ադրբեջանինն է. - «10 մետր սահմանը հատելու համար իրանք հարյուր քսան մետր խորացել են, էկել մեր հատվածում տեխնիկան կանգնացրել... Բան չունեմ ասելու, հա, հիմա նենց չի, որ ամեն տրակտորիստի ձեռը մի հատ Ջի-Փի-Էս կա, կամ էլ սահմանը գծած էր...»

Համայնքապետի խոսքով, այսօր այդ հատվածում իրենք սահմանը տեսանելի դարձնող գիծ են քաշել, շեշտեց՝ Ջի-Փի-Էս-ով։

Գեղարքունիքի Կութում էլ խոտը գերանդիով են հավաքում, տեխնիկա վախենում են դաշտ հանել։ Կութի վարչական տարածք մտած ու դիրքավորված ադրբեջանցիներից 1-2 կիլոմետրի վրա են։

«Բայց հնձած խոտը պետք է տեղափոխենք», - ասում է համայնքապետ Սիմա Չիթչյանը, - «Թե ինչպես, դեռ չգիտենք։ Մեր տեխնիկան վախենում ա բարձրանա քաղի, ձեռքով ենք քաղում, վաղը կապել ա պետք, պըտի տուկեր կապվի, հետո ավտո պըտի բարձրանա, ավտոյով բերվի... Հիմա տեսնենք ոնց ա լինում, հլա որ տեղից խոտ բերող չի էղել, քաղում են»։

Նախորդ ամսին այս գյուղից ադրբեջանցիները 80 կով էին տարել, կութեցիները կովերի վերադարձի հույս չունեն, ակնկալում են, որ կառավարությունը փոխհատուցում կտրամադրի։ Բայց ամենաշատը, ըստ համայնքապետի, սպասում են ռուս սահմանապահներին։ Սահմանապահների տեղակայումը, օրերի հարց է, հայտարարել էր Գեղարքունիքի մարզպետը այս ամսվա սկզբին։

«Մեզ համար էլի հույս կա։ Եթե իմանանք, որ նրանց ու մերոնց արանքում ռուս կա կանգնած... Էլի որ հույս ա, չգիտեմ։ Ժողովուրդը պահանջում են, ուզում են, ցանկանում են, որպեսզի գա ռուսը արանքում կանգնի», - ասում է Չիթչյանը։

Ռուսները Կութ եկել են, դիտարկել են տարածքը, փնտրել հարմար կեցավայր՝ ջրով, գազով, հոսանքով։ Համայնքապետն ասում է՝ Կութը գազ չունի և ռուսները հեռացել են։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով, տարածքն արդեն ընտրված է. - «Էկան պայմանավորվեցին, նույնիսկ տեղն են որոշել... իրանց ընտանիքներով, որտեղ որ իրանց կենտրոնը պետք ա լինի։ Հիմա գնացել են, սպասում ենք, որ պիտի գան»։

Սահմանամերձ դարձած գյուղերում սպասողական վիճակ է . քանի դեռ սահմանանշման-սահմանազատման գործընթաց չկա, ամեն շարժ կարող է վերածվել սադրանքի։

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ակտիվացել է, կուտակումներ կան, ասում է Սյունիքի Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը. - «Իրանց կողմից բերել են, կուտակումներ են անում, թե' ինժեներական տրակտորներ, «Կամացու»-ներ են բերում, թե' զինտեխնիկա։ Մենք էլ մեր գործն ենք անում, ուշադիր ենք»։

Ադրբեջանական զինուժը մայիսի 12 ին հենց Սյունքից Սև Լճի տարածքից խախտեց Հայաստանի սահմանը։ Լճի հատվածում դիրքավորված ադրբեջանցիները տեղում են, մի շարք համայնքներ զրկված են արոտավայրերից ու ջրից, շեշտում է վերիշենցի Նարեկ Օրդյանը. - «Միջադեպեր չկան։ Ուղղակի իրանք որ էդքան առաջ են եկել, Վերիշենի, Ակների, Հարթաշեն, Խնածախ, Խողնավար անասունները արոտի համար... մենք միշտ օգտագործում ենք որպես արոտ։ Հիմա խնդիրը սրանում ա, որ էս մարդիկ մնացել են... արոտի տեղ էլ չկա, և ջուր էլ չկա»։

6-րդ օրն է ոչ մի տեղեկություն չկա Սև լճի տարածքից անհետացած երկու պայմանագրային զինծառայողների վերաբերյալ: Զինծառայող Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը Սև լճից ձախ՝ Իշխանասարի տարածքում մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս են եղել ու մոլորվել են մառախուղի պատճառով: Ըստ Ակներ Վերիշենից ստացվող տեղեկությունների, զինծառայողները վատ տեսանելիության հետևանքնով չեն նկատել, անցել են հայկական հենակետերը։ Արդյո՞ք հայտնվել են ադրբեջանական կողմում։ Հարցի պատասխանն ստանալու համար ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի հետ դեռ բանակցություններ են ընթանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG