Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ են բացել սահմանի Երասխի հատվածի դիրքերի ուղղությամբ


Այսօր` ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ ռազմական գերատեսչության` հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

«Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է», - հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Նախորդ օրերին սրվել է իրադրությունը Նախիջևանի՝ Երասխի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ին հաղորդեց, որ այդ օրը առավոտյան ադրբեջանական զինուժի հետ ծավալված փոխհրաձգության հետևանքով զոհվել է Հայաստանի զինուժի մեկ զինծառայող: Կորուստներ էր կրել նաև ադրբեջանական կողմը:

Նույն հատվածում ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգությունը շարունակվեց երեկ:

Երասխի ուղղությամբ հայկական զինուժի տված զոհը երկրորդն էր 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանցիների կրակոցից մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի մոտ զոհվել էր հայկական զինուժի զինծառայող։

XS
SM
MD
LG