Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կմեկնի Մոսկվա` նախագահ Պուտինի հետ հանդիպման: «Այցը աշխատանքային է` դիրքորոշումները հստակեցնելու համար, փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»,֊ - երեկ հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ալիևի այցը համընկավ հայ - ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում անցած շաբաթ սկիզբ առած նոր լարվածության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ երեկոյան 6-ից ադրբեջանական զինուժը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Բաքուն, իր հերթին, պնդում է, թե հայկական զինուժն է սրել իրավիճակն ու կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ կտրուկ սրվել էր իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում. մայիսից հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ տեղակայվել են Սև լճի մերձակայքում, պնդում են, թե տարածքն իրենցն է, և չեն հեռանում:

Երկու կողմն էլ հավաստիացնում են, թե պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման` հնարավոր բախման պատասխանատվությունը դնելով դիմացինի վրա:

Ռուսաստանի նախագահը, որն առիթը բաց չի թողնում ընդգծելու, թե անցած տարվա 44-օրյա պատերազմը կանգ է առել իր համառ ջանքերի ու միջնորդության շնորհիվ, ռազմական գործողոթյունների հնարավոր վերսկսման և արդեն երրորդ ամիսը շարունակվող լարվածության ֆոնին՝ այսօր, առաջին անգամն է հանդիպում Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին: Այցին ընդառաջ Կրեմլը հաղորդել է, որ հենց տարածաշրջանային իրավիճակն է լինելու քննարկման առանցքում: «Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործնական կողմերին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման խնդիրների լուծմանը», - երեկ հայտարարեց Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, նույն օրակարգով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն էր մեկնել Մոսկվա: Ընդ որում, ընդունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել` դա կօգնի լուծել առկա զգայուն հարցերը: «Բարդ խնդիրները հնարավոր է կարգավորել միայն ժողովրդի աջակցությամբ, որը Դուք ստացել եք», - ասել էր Պուտինը Փաշինյանին: Թե այդ ինչ բարդ հարցերի մասին է խոսքը, Պուտինը չէր հստակեցրել: Կողմերը մանրամասներ չէին հաղորդել նաև դռնփակ բանակցությունների ավարտին: Հայտնի է միայն, որ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո կողմերի միջև բարձրաստիճան հանդիպումների ակտիվ շարք էր սկսվել:

Այսպես, հուլիսի 13-ին Բաքու էր մեկնել Ռուսաստանի փոխվաչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ մի քանի ամիս է` քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման ու հաղորդակցության ուղիների բացման հնարավորությունները:

Հաջորդ օրը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր այցելել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին, Փաշինյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել էր Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

Անցած շաբաթավերջին էլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Երևան, ապա` Բաքու: Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, փաստացի, եվրոպացի դիվանագետի միջոցով միմյանց մի քանի ուղերձ էին փոխանցել. Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե հակամարտության կարգավորումը ռազմական ուժով ընդունելի չէ, և անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Ալիևը հակադարձել էր` ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, ժամանակն է խաղաղության էջը բացել: Ընդ որում, խոսելով ապագայի մասին՝ Ադրբեջանի նախագահը նոր նախապայման էր առաջ քաշել և պնդել, թե տարածաշրջանում բոլոր ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միաժամանակ և առանց որևէ խտրականության:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG