Մատչելիության հղումներ

Երասխի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել աջ բազկի շրջանում, հարուցվել է քրգործ, հայտնում է ՔԿ-ն


Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով [Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետեր], տեղեկցնում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն նշում է, որ երեկ՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Օղիկյանը, գտնվելով Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է:

Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Երասխ համայնքի ղեկավարն, «ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները», վիրավորում է ստացել:

XS
SM
MD
LG