Ընդունելով ընտրությունների արդյունքները՝ «Լուսավոր Հայաստանը» շարունակում է արտախորհրդարանական գործունեությունը։
«Ընդհանուր ընտրությունների վրա ազդող տվյալ դեռ չունենք: Մենք գիտենք, որ կան ուժեր, որոնք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, կդիմեն, ուշադրությամբ կհետևենք: Ես կարծում եմ, որ այն բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե ապացույցներ լինեն զանգվածային խախտումների վերաբերյալ, որոնք կարող են ազդել ընդհանուր ընտրությունների վրա, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն: Մենք նման տվյալներ չունենք, որ ուժերը ունեն, իրենք կասեն, կներկայացնեն: Ամեն դեպքում այն ուժերն էլ անգամ, որոնք պատրաստվում են ՍԴ դիմել, արդեն հայտարարել են, որ գնում են, մանդատները վերցնեն, հետևաբար արդեն իրենք էլ են ընդունել այդ արդյունքները», - ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Գործող Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանում չի լինի։ Նրանք ստացել են 15 հազար 571 ձայն կամ 1.22 տոկոս, ավելի քիչ քան նրանց երբեմնի թիմակիցներ Արման Բաբաջանյանի ու Արամ Սարգսյանի գլխավորած ուժերը։ «Այո՛, մենք ընդունում ենք, որ մեր համերաշխության օրակարգը Հայաստանում պարտվեց», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Էդմոն Մարուքյանը. «Հայաստանում հաղթել են մուրճի և մանգաղի օրակարգերը մոտավորապես, մոր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բաղկացած պետք է լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Չեմ կարծում, թե այս խորհրդարանը որակապես կլինի շատ ավելի լավը, քան նախորդն էր»:
Ըստ Մարուքյանի՝ սա ոչ թե խորհրդարանական ընտրություն էր, այլ հանրաքվե հետևյալ հարցապնդմամբ՝ ճի՞շտ էր արդյոք 2018 թվականի հեղափոխությունը, թե՞ ոչ. «Գործող և նախկին իշխանության բարձրախոսներն ավելի ուժեղ էին, քան մերը, մեր ձայնն այդ արանքում խլացվեց, իսկ այդ բարձրախոսներով ի՞նչ էր ասվում. նրանք ասում էին` հեղափոխությունը վատ է, սխալ է եղել, այս կողմից ասում էին` լավ է, շարունակելու ենք հեղափոխությունը: Քանի որ մեր ժողովուրդն արել է այդ հեղափոխությունը, և մոտ 90 տոկոսը մասնակցել է այդ հեղափոխությանը Սփյուռքում, Հայաստանում, բնականաբար ժողովուրդը պետք է վերահաստատեր դա, դա ակնհայտ էր»:
Մարուքյանը սեփական դիտարկումներն ունի, թե ինչու այսպես եղավ։ Ասում է՝ պատկերը փոխվել է վերջին 2-3 օրերին, մինչ այդ իրենք վստահաբար ունեցել են անցողիկ տոկոսներ։ Կարծում է՝ շատ բան փոխել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը, քաղաքացիներին իրատեսական է թվացել այսպես կոչված` «նախկինների» վերադարձը, և վախից քվեարկել են Փաշինյանի ուժի օգտին. «Մեր Եղեգնաձորի ներկայացուցիչն ինձ ասում է, որ գրասենյակ են գալիս մարդիկ, ասում են` կներեք, Եղեգնաձորի գրասենյակ, մենք որոշել էինք ձեզ ընտրել, բայց այդ ցույցը որ տեսանք, մտածեցինք, որ երևի վերջ, հետ են գալիս, որոշեցինք, որ այդ մի ձայնն էլ տանք իշխանությանը, որ դա տեղի չունենա:
Մի բան էլ պատմեմ, որ ոչ մեկը չգիտի: Վերջին այդ հանրահավաքից հետո, որ ավելի շատ էր` ըստ Դանիել Իոաննիսյանի տված տվյալների, ավելի շատ մարդ կան, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, ես զանգում եմ մեր Դավիթին Խաժակյան և ասում եմ` Դավի՛թ, քեզ ուղղակի բան եմ ասում, որ հետո ապացույց ունենանք մեր մեջ: Ընտրություններն ավարտվելու են հետևյալ կերպ` իշխող ուժը և «Հայաստան» դաշինքն իրար հետ վերցրած տանելու են ձայների 75 տոկոսը մոտավորապես, մնացած ձայները փոշիանալու են, երրորդ ուժն անցնելու է բարիերի տակ, այդ երրորդ ուժը կամ կլինենք մենք, կամ չենք լինի մենք»:
Չի ընդունում մեղադրանքները, թե իրենց մասնակցությամբ օգնել են Փաշինյանին ու ձայներ փոշիացրել։ Հակառակ մեղադրանքն է հնչեցնում խորհրդարան անցած ընդդիմադիրների հասցեին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Ասում է՝ նրանք իրենց մասնակցությամբ ու քարոզարշավով ամեն ինչ արեցին, որ վերարտադրեն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ խորհրդարան անցած ընդդիմությունը, ըստ Մարուքյանի, ամենացանկալին է Փաշինյանի համար. «Մոտավորապես այսպես ասեմ` Նիկոլ Փաշինյանն ում հայտարարել է, որ պետք է դատի, չագուճով խփի, բոլորը պատգամավոր են դարձել, ու մոտավորապես սա է: Իշխանությունն էլ ամեն ինչ արել է, որ իր օպոնենտը լինի խորհրդարանից դուրս նախկին իշխանությունը, որովհետև իր համար իդեալական տարբերակ է դա. ինչ իրեն ասեն, ինքը ասելու է` ա՜, պատկերացնո՞ւմ եք այս խորհրդարանը: Ասեն` ասֆալտը չեք արել, պիտի կագնեն, ասեն` բա հլը ձեր արած ասֆալտին, չգիտեմ` որ գյուղում 30 տարի չէր արվել, մենք արեցինք: Ասեն` բռնություններ կան, ասելու են` Պողոս Պողոսյանին դուք ծեծելով սպանեցիք, ուրիշ հարց տան, ասելու են Հոկտեմբերի 27-ը, Երևան քաղաքից խոսեն, Տարոն Մարգարյանին են պատասխանելու, Հաշվեքննիչ պալատից խոսեն, Իշխան Զաքարյանին են պատասխանելու, հասկանո՞ւմ եք: Էսա կսկսվի, կնայեք, ես ոնց որ շատ եմ ներկայացնում` ինչ է լինելու»:
Այս փուլում «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է կարճ դադար վերցնել քաղաքականությունից, որից հետո անցնելու է կուսակցաշինական աշխատանքների՝ պատրաստվելով հաջորդ խորհրդարանական ընտրություններին։