Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց` «գողացվածը վերադարձնել», «վերջ տալ հայհոյախոսությանը»


Ժողովուրդը ընտրություններով ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա, այսօր երեկոյան հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։

«Այսօրվա հանրահավաքով մենք ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները, և հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում արձանագրված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի, բայց պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են, որովհետև ՀՀ-ն մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ` երկրում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա, ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն», - ասաց Փաշինյանը:

Նա համաձայնելով, դիտորդների դիտարկումների հետ, որ այս քարոզարշավի ընթացքում օգտագործվել է ագրեսիվ հռետորաբանություն, դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է` ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին` սկսել մի պարզ կետից, վերջ դնել հայհոյախոսությանը: Կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին` վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա չի նշանակում, որ իրենք խուսափելու են ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից. «Հայաստանում լինելու է կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն»:

Մեկ այլ առաջարկ էլ ուներ վարչապետի պաշտոնակատարը. «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»:

Վաղվանից Նիկոլ Փաշինյանը սկսելու է քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության: Ապա հոգևոր երկխոսության կոչ արեց հոգևոր առաջնորդներին:

Հիշեցնենք, որ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով և «Պատիվ ունեմ»-ը։ Չնայած Սերժ Սարգսյանի Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ»-ը հավաքել էր ընդամենը 5.23 տոկոս՝ անցողիկ 7-ի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված բոնուսները նրանց հնարավորություն են տալիս մտնել խորհրդարան:

XS
SM
MD
LG