Մատչելիության հղումներ

Փաշինյանը շարունակում է երկխոսությունն ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի հետ


Նախնական արդյունքներով ընտրություններում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկխոսությունն ընտրության մասնակից այն ուժերի հետ, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը։

Այսօր նա հանդիպել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ, որի ներկայացրած ուժն այս ընտրություններին ստացել էր 0.95 տոկոս քվե։

Արտախորհրդարանական ուժերը պետք է ավելի լսելի լինեն, հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․ - «Արտախորհրդարանական ուժերի շրջանակում գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ աղմուկի պատճառով մնում է աննկատ և դրանից տուժում ենք բոլորս»։

Ուրիխանյանն արձագանքել է․ - «Եթե կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ»։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է այն մասին, որ այս ընտրությունների արդյունքները անկանխատեսելի էին։ Չնայած դրան, ըստ Փաշինյանի, իրենք, որպես իշխանություն, դրսևորել են սկզբունքայնություն ու ապահովել քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը։

Ընտրություններին 0.32 տոկոս հավաքած ուժի ներկայացուցիչն ամբողջովին համաձայն է վարչապետի պաշտոնակատարի հետ։ «Բացարձակապես վիճարկելի չէր այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը», - ասել է Հայրապետյանը:

Փաշինյանը հանդիպել է նաև 2018 թվականին իր հետ հեղափոխության առաջին շարքերում կանգնած, հետո կարճ ժամանակով Պետական վերահսկողական ծառայության պետ աշխատած Դավիթ Սանասարյանի հետ։

2019 թվականի ապրիլից, սակայն, քրեական գործով որպես կասկածյալ ներգրավված Սանասարյանը դուրս եկավ պետական համակարգից և արտահերթ ընտրություններից առաջ ստեղծեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Մեկամսյա կյանք ունեցող այս կուսակցությունը ստացել է ձայների 0.28 տոկոսը։

«Մենք նաև մեզ համարում ենք 18 թվականի հեղափոխության կրողը, նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն, ինչ որ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնա», - ասել է Սանասարյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր համերաշխության ձեռք է մեկնել նաև նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին ու ցավ հայտնել, որ նախընտրական շրջանում նրա թեկնածության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որի ցուցակում ընդգրկվել էր Արզաքանցյանը, ընտրություններին հավաքեց 0.39 տոկոս ձայն։

«Ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը», - ասել է Արզաքանցյանը:

Երեկ Փաշինյանը հանդիպել էր նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Ազատական» կուսակցությունների, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդներ հետ։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը այս հանդիպումները ձևական է որակում։ «Իրականում հասարակության երկպառակտվածությունը այդ ուժերի և իր միջև չէ, որոնց հետ նա հանդիպում է, հասարակության երկպառակտվածությունը բոլորովին այլ տեսք ունի, և կարծում եմ սա առանձնապես չի նպաստի սրան, դրանք ընդամենը ձևական բաներ են։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ կերպ փորձում է երախտագիտություն հայտնել այն ուժերին, որոնք մասնակցեցին ընտրություններին, ավելի շուտ պայքարեցին ոչ թե իր դեմ, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ, դրանով իսկ նպաստեցին իր հաղթանակին, դրա համար էլ փորձում է նրանց հետ հանդիպելով ինչ-որ համագործակցության եզրեր փնտրել, չի բացառվում նաև ինչ-որ պաշտոններ վստահի հետագայում։ Չեմ կարծում թե, կներեն ինձ այդ ուժերը, բայց երկրորդական, երրորդական ուժերի հետ հանդիպումները պիտի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված լուրջ քայլ լինի», - նշեց Բաղդասարյանը։

Այսօր կայացած ասուլիսում խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատարից հրավեր չեն ստացել։ Խորհրդարան անցած մեծությամբ երկրորդ ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել էր՝ իրենք պարզված ձեռք չեն տեսել։

Համախմբման ձեռք մեկնելու մասին վարչապետի պաշտոնակատարը խոսել էր ընտրություններից հետո կայացած հանրահավաքում, ասել էր կհանդիպի այն ուժերի հետ, որոնք պատրաստ են երկխոսելու։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Փաշինյանի պարզած ձեռքին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շեշտեց՝ սա չի նշանակում հանդուրժողականություն, օրինակ, հանցագործությունների նկատմամբ։

«Պետք է ֆիքսենք, որ հանցագործների հանցագործությունները չեն ներվելու, սա չի նշանակում հանդուրժողականություն հանցագործությունների նկատմամաբ, սա նշանակում է հանդուրժողականություն այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ» , - հայտարարեց Ավինյանը։

Հանդիպումների վերաբերյալ այլ հարցերի Ավինյանը չպատասխանեց։ Անցողիկ 5 տոկոսի շեմը չհաղթահարած ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել ընտրությունների մասին, մինչև հիմա չեն արձագանքել նաև Փաշինյանի երկխոսության առաջարկին։

XS
SM
MD
LG