Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր ստանդարտ է սահմանել. Նիկոլ Փաշինյան


Ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, արձանգրում են դիրտոդները, ինչպես նաև միջազգային գործընկերները։ Հայաստանը նոր ստանդարտ է սահմանել, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պատշոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականին, երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի համատեքստ՝ ասում էին, որ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին նախապես բոլորի համար, և գործող կառավարությունն, այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ», - ասաց Փաշինյանը: - «2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն են անցկացվում: Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և քաղաքական արժեհամակարգը։ Իհարկե, հարուցված են քրեական գործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան։ Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է»:

«Հայաստանի քաղաքացու համար այլևս անառակելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է Հայաստանում և ինքն է որոշում իշխանության ճակատագիրը», - կարծում է վարչապետի պաշտոնակատարը, որի ղեկավարած ուժը հաղթեց վերջին ընտրություններում։ - «Ուրախ եմ, որ մենք, այս բարդ ճգնաժամի միջով անցնելով, ի վերջո, եզրափակում ենք և ամփոփում ենք այս արձանագրմամբ»:

Այնուամենայնիվ խորհրդարան անցած երկու ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները հայտարարում են, որ լուրջ խախտումների վերաբերյալ կասկածներ ունեն, նկատել են զինվորների ուղղորդված քվերակություն, մի շարք տեղամասերում հոսանքազրկումներ, ուստի պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը Սահմանադրական դատարանից ամեն ինչ սպասում է, սակայն մյուս կողմից էլ վստահ է, որ ընտրություններն անցել են ազատ, և հակառակի վերաբերյալ ծանրակշիռ փաստեր չկան. – «Ընտրությունների մասով ես համոզված եմ, նաև վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարող Սահմանադրական դատարան ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը որ իրավական պետության նորմերով, Սահմանադրական դատարանի գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման հանգեցնել, որը որ էական ազդեցություն թողնի ընտրությունների արդյունքի վավերացման կամ վերջնական արդյունքի վրա»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս չի կարող կանխագուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ Սահմանադրական դատարանում. - «Ես որպես մաթեմատիկոս չեմ կարող բացառել որևէ երևույթ, որը տեսականորեն կարող է տեղի ունենալ։ Բայց տեսեք՝ բոլոր միջազգային կառույցները, դիտորդները՝ տեղական, վարտասահմանյան, ռեգիոնալ, հաստատում են, որ ընտրություններն անցել են բացառիկ ժողովրդավար ձևով»։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական թիմը, ըստ Քերոբյանի, չնայած ընտրությունների արդյունքների անկանխատեսելիությանը, չի տրվել գայթակղությանը. - «Չտրվեց որևիցե գայթակղության, որպեսզի կեղծիքներ և այլն իրականացնի»։

Թե ինչ կազմ կունենա նոր կառավարությունը, դեռ հայտնի չէ, նշանակումներ կլինեն միայն նորընտիր խորհրդարանի ձևավորումից հետո։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարների պաշտոնկատարները նշեցին, որ կցանկանան շարունակել նույն աշախտանքը եթե քաղաքական թիմում այդպես որոշեն։

«Եթե հնարավորություն լինի շարունակել ծառայել ժողովրդին, ապա պատրաստ ենք», - ասաց Քերոբյանը։

«Եթե ինձ առաջարկվի շարունակել պաշտոնավել, ապա մեծ սիրով կհամաձայնեմ», - ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

XS
SM
MD
LG