«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ ցունամին շարունակվելու է նաև Ազգային ժողովում։ «Հայաստան» դաշինքը նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է։
«Կտեսնեք՝ մեր կշիռը ուր է հասնելու», - հայտարարեց Քոչարյանը։
Հայաստանի նախկին ղեկավարի համար ընտրության արդյունքներն անսպասելի էին։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի գլխավորած ուժի ստացած մեծ թվով ձայները ոչ թե վստահության քվե են Փաշինյանի իշխանությանը, այլ նրա օգտին աշխատել է նախկինների վերադարձի գործոնը։ «Նախկին իշխանությունների վերադարձի գործոնը ինչ-որ տեղ աշխատեց: Մենք չկարողացանք ուղղակի կոտրել այդ հանգամանքը», - ասաց երկրորդ նախագահը:
Իսկ այդ ի՞նչ են արել նախկինները, որ պատերազմից ու պարտությունից հետո մարդկանց մեծամասնությունը նախընտրեց գործող և ոչ թե նախկին իշխանություններին։ Քոչարյանն այս հարցին հստակ չպատասխանեց, միայն շեշտեց, որ մի քանի ամիս առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ իր գլխավորած դաշինքը կդառնար խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժը։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը ձեզանից մի քանի ամիս առաջ մտածում էր, որ կարող է լիներ այսպիսի դաշինք, գլխավորեի ես և այսքան հավաքեինք», - ասաց Քոչարյանը:
Չնայած տեղական ու միջազգային դիտորդների պնդմանը, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա, «Հայաստան» դաշինքը կասկածում է։ Արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում։ Ենթադրում են ընտրակեղծիքների մեխանիզմներ են գործել, խախտումներ եղել։
«Մենք ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան», - ասաց Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը չի մոռացել՝ միջազգային դիտորդներն իր նախագահության օրոք էլ այդպիսի ձևակերպումներով էին բնութագրում ընտրությունները. «Իմ ժամանակ ասում էին՝ եղել են խախտումներ, բայց դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»:
Քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո թեժ քննարկվում է հարցը՝ երկրորդ նախագահի գլխավորած ուժը հաշտվելո՞ւ է ստացած ձայների հետ, թե՞ վայր է դնելու մանդատները։ Դաշինքում դիրքորոշումը դեռ վերջնական չէ, բայց Քոչարյանը կողմնակից է խորհրդարանում իրենց խրամատներն ամրացնելուն:
«Մեր պայքարի համար մենք ստանալու ենք լրացուցիչ էական գործիքակազմ, վստահ եղեք, որ ոչ թե մենք մյուս պայքարի մեթոդները մոռանալու ենք և զբաղվելու ենք սրանով, համակարգված այս լծակներն իրար հետ միասին կիրառվելու է այս իշխանության դեմ պայքարի համար: Մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ և կարծում եմ այդ համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ Հայաստանը տասը տարի նախագահած Քոչարյանը ցանկանո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը: Թիմում երկու կարծիք կա, բայց Քոչարյանն իր աշխատանքը օրենսդիրում չի պատկերացնում, ասում է՝ գործադիրի մարդ է. «Ես անձնապես ցանկություն չունեմ, ավելի շատ հակված եմ դա չանելու»:
Իշխանությունն ամբողջությամբ ստանձնելու ու վարչապետ դառնալու հարցը մնում է Ռոբերտ Քոչարյանի օրակարգում: Ամբողջական իշխանության հասնելու պայքարը կշարունակեն խորհրդարանում, ասաց Քոչարյանը. «Կարծում եք ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, գնում ենք, այո, իշխանությունը վերցնելու, իշխանություն ստանձնելու և երկրի համար պատասխանատվություն ստանձնելու համար: Սա է նպատակը»:
Ռոբերտ Քոչարյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ այս ընտրություններից պատվով պետք է դուրս գա, ինչպես նախորդ երկու նախագահական ընտրություններում, սա իր համար լինել-չլինելու հարց է. «Ինձ համար երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս պատվով դուրս գանք: Սա լինել-չլինելու հարց է լինելու, օրինակ, իմ համար»:
Քոչարյանին հիշեցնելով օրեր առաջ արած իր այս հայտարարությունը՝ հարցրինք՝ համարո՞ւմ է, որ պատվով է դուրս եկել այս ընտրություններից և արդյոք իշխանության համար պայքարը տեղափոխելու է խորհրդարան։ Քոչարյանը ժխտեց, թե ասել է այս պայքարն իր համար լինել-չլինելու հարց է. «Ինձ մի վերագրեք բառեր, որոնք ես չեմ ասել, ես երբեք չեմ ասել լինել-չլինելու հարց: Ես այդպիսի բան չեմ ասել, երբեք»:
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում արտահերթ ընտրությունների հավանականությունը, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի աշխատել նույն ձեռագրով՝ իր ձևակերպմամբ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ վենդետայով. «Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի կորստի, բերեց ներքաղաքական ճգնաժամի և տնտեսական ճգնաժամի»:
Ընտրությունների արդյունքներից դժգոհ Ռոբերտ Քոչարյանը հետընտրական ընդվզումների մասին չխոսեց։ Նախընտրական փուլում խոստանում էր հետընտրական գործընթացներ, եթե կեղծվեն ընտրությունները։ Նա հակված է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը օգտագործել Նիկոլ Փաշինյանի կառավարության կոռուպցիան ու արատավոր երևույթները բացահայտելու ու դրանց մասին բարձրաձայնելու համար։