Մատչելիության հղումներ

Եթե որոշենք վերցնել մանդատները, ես կգնամ խորհրդարան. Վանեցյան


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքն առաջիկայում որոշում կկայացնի՝ վերցնո՞ւմ է Ազգային ժողովի մանդատները, և եթե որոշումը դրական լինի, դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը նույնպես կընդունի պատգամավորի մանդատը, այսօր լրագորղների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Վանեցյանը։

Հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան երեք ուժ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացավ ավելի քան 66 հազար ձայն, կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5,23 տոկոսը ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Թեև դաշինքների համար անցողիկ շեմը 7 տոկոս է, սակայն Վանեցյանի գլխավորած ուժը խորհրդարան անցավ Սահմանադրության այն պահանջի համաձայն, որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում պետք է ներկայացված լինի առնվազն երեք քաղաքական ուժ։

«Ինչ վերաբերում է անձամբ մանդատ ես վերցնելու եմ թե ոչ, ապա եթե որոշում կայացվի, դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել», - ասաց Վանեցյանը։

Վանեցյանը մանրամասնեց՝ Ազգային ժողովի մանդատները վերցնելու որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո. - «Ես չեմ ասել, որ մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները։ Ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, և քննարկվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու։ Եվ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Կամ չընդունելով՝ այնուամենայնիվ շարունակում ենք գնա՞լ խորհրդարան, թե՞ որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան. Եկեք ֆիքսենք, որ մենք կխոսենք ընտրությունների արդյունքները մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո»։

Ընտրությունների արդյունքները անսպասելի էին, հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի առաջին համարը. – «Մենք ունենք իրոք շատ ծանր վիճակ։ Բայց ունենք նաև ընտրությունների նման արդյունքներ»։

ԱԱԾ-ն պետք է սպասարկի բացառապես Հայաստանի շահերը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից. Վանեցյան

Վանեցյանը, ով 2018-ի մայիսից մինչև 2019-ի սեպտեմբերը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր և այդ ընթացքում ստացավ գեներալ-մայորի կոչում, նախընտրական փուլում մեկնեց Մոսկվա և այնտեղ Կրեմլի խոսափողը համարվող Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live հաղորդման ժամանակ հունիսի 9-ին երկու ուշագրավ հայտարարություն արեց՝ «Крым наш» և «Я кадровый чекист», որոնք Վանեցյանի հասցեին քննադատության պատճառ դարձան։

«Չեկիստ» անվանում էին Խորհրդային Միության Պետանվտանգության կոմիտեի՝ КГБ-ի աշխատակիցներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո նման կերպ սկսեցին կոչել ռուսաստանյան հատուկ ծառայության՝ ФСБ-ի աշխատակիցներին։

Այսօր Արթուր Վանեցյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչու և ում համար որոշեց հայտարարել «Крым наш» և «Я кадровый чекист»։ Նա ասաց, որ «Крым наш» ասելով նկատի ուներ, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անկյունաքարային է. ինչպես ինքնորոշվեց Ղրիմի ժողովուրդը՝ միանալով Ռուսաստանին, այպես էլ ինքնորոշվել է Արցախի հայ բնակչությունը. – «Кадровый чекист ասածը դա առհասարակ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսակցական ժարգոնն է։ Ես առիթ ունեցել եմ դեռևս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն եղած ժամանակ պատասխանել քաղհասարակության ներկայացուցիչներից մեկին և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը չի համարում իրեն նախկին КГБ-ի իրավահաջորդը։ Այդ էջը մեր համար փակ է։ Եվ եթե կհիշեք, այն ժամանակ էլ էր դա մեծ աղմուկ առաջացրել։ Որոշ շրջանակների մեջ, այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում առաջացել էր տարակուսանք, զարմանք, թե ինչպես է Վանեցյանը, որը իրենց պատկերացմամբ овый чекист է, նման հայտարարություն արել։ Ես, այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությ ան Ազգային անվտանգության ծառայությունը դա մի մարմին է, որը սպասարկում է և սպասարկելու է և պետք է սպասարկի բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Անկախ նրանից Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն է թե ոչ, անկախ նրանից այլ երկրներ մեր հետ ինչ հարաբերություններ ունեն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է սպասարկեն բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը»։

XS
SM
MD
LG