Մատչելիության հղումներ

ԼՀԿ ներկայացուցիչների համոզմամբ` ստեղծված իրավիճակն ընտրություններից հետո կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել


Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը «կա այլընտրանք, քվեարկիր» վանկարկումներով «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները շրջեցին Երևանի Աջափնյակ համայնքի բակերում, մյուս խումբը՝ Կոտայքի մարզում։

«Ձեզ կգան, կասեն, որ չկա այլընտրանք, որ դուք պիտի ընտրեք սևի ու սպիտակի մեջ, վատի ու վատագույնի մեջ, ներկայի ու անցյալի մեջ: «Լուսավոր Հայաստանն» ասում է, որ դա սուտ է, «Լուսավոր Հայաստանն» ասում է, որ կա այլընտրանք, որ դուք կարող եք ընտրել հանուն ապագայի, հանուն ազգային համերաշխության ու համախմբման, հանուն խնդիրների լուծման: Կա այլընտրանք, քվեարկի՛ր», - հայտարարեցին կուսակցության անդամները:

Բարձրախոսով ելույթներ ունեցող ու բակերում հավաքված կամ բազմաբնակարան շենքերի պատուհաններից իրենց հետևող մարդկանց դիմող պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի խոսքով՝ «Լուսավորն» այն ուժն է, որն ի վիճակի է երկրում ստեղծել հանրային համերաշխության մթնոլորտ, գործադիրում հավաքել բանիմաց պրոֆեսիոնալների, դիմակայել անվտանգության մարտահրավերներին:

«Դուք ստիպված չեք ընտրել նախկինի և ներկայի միջև, որովհետև այլընտրանք միշտ կա. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը ներսում թշնամիներ չունի` ո՛չ նախկինների մեջ, ո՛չ ներկաների մեջ: Մեր թշնամիները դրսում են, և մենք հնարավորություն ունենք` որպես քաղաքական ուժ, միաբանել բոլորին, բերել համերաշխություն: Հունիսի 20-ին տվեք մեզ այդ հնարավորությունը, որպեսզի մենք երկրում բերենք հանրային համերաշխություն, հակառակ դեպքում մենք չենք կարող խուսափել քաղաքացիական բածումներից և պատերազմից», - ասում է Սամսոնյանը:

Ներկա ու նախկին իշխանություններից ձևավորված 2 բևեռներում ցանկանում են միմյանց ոչնչացնել՝ միմյանց դեմ բանեցնելով ձեռքի տակ եղած ահռելի ռեսուրսները, ասում են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները՝ ավելացնելով, որ Հայաստանում հիմա ստեղծվել է այնպիսի պայթյունավտանգ վիճակ, որն ընտրություններից հետո անգամ կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել։

Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նկատի ունի նման պնդում անելիս: «Մենք կունենանք քաղաքացիական պատերազմ ընտրություններից հետո, որովհետև ամեն կողմը միայն իրեն է համարում ճիշտ և միայն իր ճիշտն է համարում բացարձակ: Այդ պարագայում մենք երկիրը տանելու ենք կործանման, ու դրանից օգտվելու է հակառակորդը: Սա առաջին խնդիրն է, որ պետք է լուծել», - ասաց Գորգիսյանը:

«Ազատության» հարցադրմանը, թե քաղաքացիական պատերազմ նշանակում է, որ հարևանը հարևանի դեմ զենք պիտի վերցնի և կրակի, հենց դա՞ նկատի ունի, պատգամավորը պատասխանեց. «Այո, իսկ չե՞ք տեսել` այսօր ինչեր են ասվում: Ասում են, որ կզացնելու են մարդկանց, ասում են, որ ոտքեր են ջարդելու, հայհոյում են միմյանց: Այդ ամեն ինչը տանելու է դրան»:

Արդյոք հավակնո՞ւմ են ընտրությունների միջոցով գալ իշխանության, մեր հարցին Գորգիսյանը պատասխանեց, որ նախ և առաջ ցանկանում են զսպել միմյանց դեմ պատերազմելու պատրաստ 2 բևեռներին. «Մենք ակնկալում ենք ունենալ այնքան լծակներ Ազգային ժողովում, որ թույլ չտանք այս երկու բևեռներից մեկի բացարձակ իշխանությունը, որովհետև հակառակ դեպքում մյուսը սկսելու է պրոցեսներ, որոնք բերելու են քաղաքացիական պատերազմի, և որը բերելու է երկրի կործանման: Մենք հույս ունենք` մեր քաղաքացիները մեզ կլիազորեն այն մանդատով, այն լծակներով, որ մենք կարողանանք թույլ չտալ այս ցավալի պրոցեսները»:

Այժմ խորհրդարանում երրորդ ուժ հանդիսացող և ընտրության մասնակցող «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավին բակերում հետևող մարդկանցից հետաքրքրվեցինք՝ գնալո՞ւ են արդյոք ընտրության և որոշե՞լ են, թե ում են տալու իրենց ձայնը։

«Չեմ ընտրելու, որովհետև ոչ մեկին չեմ հավատում, չեմ վստահում: Եթե հանկարծ տալու լինեմ, Գագիկ Ծառուկյանին», - ասում է նրանցից մեկը, մյուսը` հավելում. «Այո, բնական է ոչ «Լուսավոր Հայաստանին»:

«Ես Նիկոլին եմ ընտրելու», - մեկ այլ քաղաքացու պատասխանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG