Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը քարոզարշավը սկսել է հենց պաշտոնական մեկնարկի օրը՝ այս երկուշաբթի։ Կարճ ժամանակով Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնը զբաղեցրած Սանասարյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց` «Ինքնիշխան Հայաստանն» այն բացառիկ ուժերից է, որ քարոզարշավը չի սկսել 1-2 ամիս առաջ, ինչպես գործող վարչապետն է արել:
«Ինքնիշխան Հայաստանի» վարչապետի թեկնածուն այսօր քարոզարշավն սկսեց Աբովյան քաղաքից։ Շրջեց քաղաքի կենտրոնական հատվածներում, ասաց, որ խոսափողով չի խոսելու, որովհետև մարդիկ հոգնել են աղմուկից: Անձամբ էր մոտենում և նախընտրական բուկլետները տրամադրում ընտրողներին:
«Դավիթին շուտվանից ենք ճանաչում, էս տղուն հարգել ենք, բայց չհասկացան էդ տղուն ոչ մեկը», - ասում էր քաղաքացիներից մեկը:
Անդրադառնալով Փաշինյանին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «թող իր Աշոտիկին տա, փոխարենը 20-25 գերի բերի» և Փաշինյանի պատասխանին, որ պատրաստ է որդուն ուղարկել Բաքու գերիների դիմաց, Սանասարյանն առաջարկեց հանգիստ թողնել որդիներին. «Բոլորս պետք է մի բան հասկանանք, որ ներքաղաքական գզվռտոցով այդ խնդիրները չենք լուծելու, մեր գերիներին չենք բերելու: Ես առաջարկ եմ անում` պետք չի, որ մարդկանց առաջարկեն, որ իրենց տղաները գնան գերիների փոխարեն գերի, որ փոխանակում լինի, ես առաջարկ եմ անում քաղաքական գործիչներով, քանի որ չենք կարողանում այդ կարևոր հարցը լուծել, մենք գնանք Ադրբեջան, թող գերիները հետ գան: Ես առաջինը պատրաստ եմ»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գրանցված «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է չորս գլխից` անվտանգություն և բանակ, արտաքին քաղաքականություն, կրթություն և գիտություն, արդարադատություն և ժողովրդավարություն:
Կուսակցության 36-ամյա առաջնորդն ասում է՝ սրանք են այն հիմնական կետերը, որոնցով պատրաստվում են կառուցել իրենց հետագա գործունեությունը, եթե գան իշխանության: Սանասարյանը վաղ է համարում կանխատեսելը, թե քանի տոկոս քվե կստանա նորաստեղծ կուսակցությունը. «Տարբեր են, եթե նայենք մարդկանց դրական վերաբերմունքից, միգուցե շատ-շատ, բայց ընտրությունն այնպես բան է, որ կարող են մեկին շատ լավ վերաբերվել ու չընտրել»: Հարցին` խորհրդարան անցնելու հնարավորություն տեսնո՞ւմ է, դրական պատասխանեց:
Աբովյանցիներից մեկը, մոտենալով Դավիթ Սանասարյանին, հրավիրեց նրան փոքրիկ զրույցի: Հենց ճամփեզրին տեղադրված փոքրիկ սեղանի շուրջ նստեցին, ու քաղաքացին ուղիղ ասաց. «Դե համոզիր ինձ ու մյուս քաղաքացիներին, որ ինչպես դու ես ասում, քո գլխին սարքել էին, և որ դու անմեղ ես: Դրանից հետո ես կորոշեմ` քեզ ընտրել, թե ոչ»:
Սանասարյանը, որ 2018-ի թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից մեկն էր, Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ Կարճ ժամանակ անց, սակայն, կանգնեց դատարանի առաջ. Ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրեց ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գործը դեռ դատաքննության փուլում է։
«Դուք կարո՞ղ եք վստահեցնել ինձ` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ Ազգային անվտանգության ծառայությունը Ձեր, ժողովրդական լեզվով ասած, գլխին գործ է սարքել, ու ես` որպես ՀՀ քաղաքացի, դու երևի դրա մասին շատ լավ գիտես, որ պատրաստ կլինեմ կանգնած լինել քո կողքը, քո տեսակի կողքը», - հարցրեց քաղաքացին:
«Ես մի անգամ չէ, որ դրա մասին խոսել եմ, եթե իրենք կարողանային փաստեր ունենային, փաստերով կխոսեին, բայց քանի որ փաստեր չունեն, երկու ցուցմունք են կորզել, երկու ցուցմունքով մի 4-5 տարի այս գործը պահելու են», - պատասխանեց Սանասարյանը:
«Ինքնիշխան Հայաստանի» այսօրվա հաջորդ կանգառը Չարենցավան քաղաքն էր։ Առաջին պատահած բարձրահարկ շենքի բակում մի խումբ տղամարդիկ քարե սալիկներ էին մեքենայից դատարկում, ասացին՝ միայն այս շենքից 5 երիտասարդ է զոհվել 44-օրյա պատերազմում, իրենք էլ հիմա ցայտաղբյուր են կառուցում՝ նրանց հիշատակին։
Ընտրության տրամադրություն այստեղ հավաքված մարդիկ չունեին, հատկապես զոհված զինվորներից մեկի հայրն էր սրտնեղած. «Երեխես ձեր սաղի համար գնաց, էթամ, ի՞նչ մասնակցեմ, ի՞նչ անեմ»:
«Ի՞նչ եք ուզում էս ազգից, ի՞նչ ա ուզում Ռոբերտ Քոչարյանն էս ազգից», - հարցնում էր շենքի բնակիչներից մի կին, մյուսը պատմեց. «Աչքերներս քոռանում ա, 5 երեխա, նենց տղերք էին, մենակ էս շենքից, ու 5-ն էլ մեկը մեկից սիրուն»:
«Եթե իմանայի, որ այս շենքում մարդիկ այս հոգեվիճակի մեջ էին, չէի անհանգստացնի նրանց»,- ասաց Սանասարյանը, որն առանձնազրույց ունեցավ բնակիչներից մեկի հետ, ու հետո միմյանց սիրալիր հրաժեշտ տվեցին. «Տեսաք, որ զոհվածի հայր էր, բան չէի կարողանում մեծ հաշվով խոսել, ասելիք չկա, լուռ ընդունում ենք մեր բոլորիս սխալները»:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության այսօրվա հաջորդ կանգառներն էին Սևան ու Հրազդան քաղաքները։ Քվեաթերթիկի նրանց համարը 26-ն է, կարգախոսը` «եկել է նվիրյալների ժամանակը»: