Մատչելիության հղումներ

Մարուքյանն ընդգծում է՝ միմյանց ոչնչացնելու մասին քաղաքական ուժերի հայտարարությունները մտահոգիչ են


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 9-րդ համարի քվեաթերթիկով մասնակցող «Լուսավոր Հայաստանը» նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Երևանի Մալաթիա վարչական շրջանում՝ շրջելով փողոցներով ու բակերով։

Մինչ այդ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով քարոզարշավի մեկնարկն ասաց՝ իրենց թեզերը ճիշտ էին՝ միմյանց ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու մասին քաղաքական ուժերի հայտարարությունները մտահոգիչ են:

«Ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ մեկին ոչնչացնել, էն մյուսն ուզում է օգնել ոչնչացնողին, որ ավելի լավ ոչնչացնեն: Ասուլիսի ժամանակ բաժանեցի մոտավորապես այս մասնակից դերակատար ուժերին, այսինքն՝ նախկին իշխանություններ, գործող իշխանություններ և երկու կողմերին օգնող բևեռներ, մասնակիցներ: Այսինքն՝ որ ասում են՝ Քոչարյան ջան, եթե թոկ չունես, թոկ տանք կախելու համար, կամ՝ Փաշինյան ջան, ոտնատակ տալուց պետք է մենք էլ գանք ոտնատակ տանք: Երկու մասի են բաժանվում և այս կենտրոնում միայն տարբերվող, միասնականության ուղերձ տվող ուժը էլի մնում է «Լուսավոր Հայաստան»-ը», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ միասնականության իրենց ուղերձը քաղաքացիները շատ լավ են ընկալում. «Հիմա թշնամին եկել, մտել է մեր տարածք, մենք ստեղ իրար ենք ուտում և քննարկում ինչի մասին, այ 500 դրամանոց քյաբաբ ուտողներ, բան, սա է էս քարոզարշավի հռետորաբանությունը: Ես ոչ թե ուզում եմ քյաբաբի մասին զրուցել ժողովրդի հետ, ես ուզում եմ զրուցել մեր սահմանները ամրացնելու մասին, և մեր զրույցը դրա մասին է եղել երեկ ամբողջ օրը, այսօր էլ է դրա մասին լինելու: Ես ուզում եմ՝ մենք խոսենք պատերազմի արհավիրքն ուսումնասիրելու և մեր սխալներից դասեր քաղելու մասին»:

Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին բարձրաձայնող «Լուսավոր»-ը արդյոք պատրա՞ստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք արտահերթին կհաղթահարեն անցողիկ շեմն ու խորհրդարան կանցնեն: «Միակ ուժը, որը կարող է այդ կառավարության կենտրոնը լինել՝ «Լուսավոր»-ն է», - պատասխանում է Էդմոն Մարուքյանը:

«Ոչ թե մենք բացառիկ ենք, ոչ, մենք ոչ մի անգամ ատելության քարոզի կողմը չենք եղել՝ ոչ աջից, ոչ ձախից, ոչ էլ կենտրոնից: Մեր ասածը հետևյալն է, սիրելի ժողովուրդ, սիրելի 45 տոկոս չկողմնորոշված ընտրողներ, եթե դուք ձեր ձայնը տալիս եք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, դուք մեզ տալիս եք մանդատ մյուս բոլոր ուժերին բերել ի շրջանս յուր: Պարզ է, որ իրենք իրար ատում են, իրանք իրար հենց հիմա տարբեր քաղաքներից և մարզի գյուղերից հայհոյախառն ելույթներ են ունենում, բայց եթե մենք լիազորվում ենք դրա համար, մենք կարողանում ենք նրանց այսպես կոչված պարտադրել ներքաղաքական հաշտությունը, եթե չէ, ուրեմն չէ, լինելու է այն, ինչի մասին ես եմ խոսել, երեկ առաջին նախագահն է խոսել», - հավելեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ին տված ձայնը մեկ ուժի օգտին քվե չէ, այլ ձայն է հանուն համերաշխության, ասում է ԼՀԿ ցուցակի 5-րդ համար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

«Ձեզ հետ խոսում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ես ուզում եմ շատ կարճ հաշվետվություն ներկայացնել. Ազգային ժողովում 2019 թվականի հունվարի 19-ից սկսած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրականացրել է ամենաակտիվ գործունեությունը ուղղված այլընտրանքային նախագծեր ներկայացնելուն», - հայտարարեց Մարուքյանը:

Քայլերթի ընթացքում էդմոն Մարուքյանին մի տղամարդ մոտեցավ, որը պարզաբանում պահանջեց՝ ինչո՞ւ էր «Լուսավոր»-ը խոսում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտության մասին: «Որովհետև գիտեինք, որ Սյունիքի վրա հարձակում է լինելու, դրա համար: Հայաստանը հիմնադրվել է 91 թվականին, 91 թվականից մինչև էսօր հայ-թուրքական սահմանում ովքե՞ր են կանգնած», - պատասխանեց Մարուքյանը:

Կրքերը մի փոքր բորբոքվեցին:

«Լուսավոր»-ի ներկայացուցիչները քայլում էին Մալաթիայի փողոցներով ու անցորդներին բուկլետներ բաժանում: Քարոզարշավը շարունակվեց արդեն բակերում, մի պահ նրանց միացան խաղացող երեխաները:

XS
SM
MD
LG