Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատում է իր որդուն բոլոր գերեվարվածների հետ փոխանակելու առաջարկը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում է։

Առաջին կանգառը Մեծ Մանթաշ համայնքում էր։ Այստեղ Փաշինյանը վերահաստատեց իր երեկվա հայտարարությունը, որ պատրաստ է իր որդուն փոխանակել գերեվարվածների հետ․ - «Երեկ ես հայտարարություն եմ արել և այսօր էլ մեր համապատասխան մարմինների հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք։ Հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և գործիքն է և հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար»։

Ազատան համայնքում Փաշինյանն առանձնացավ ու զրուցեց գերեվարված մի քանի պահեստազորայինների ընտանիքների հետ։ Պատերազմից հետո Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարվածները Շիրակի մարզի տարբեր համայնքներից են։ Բաքուն նրանցից 14-ին մեղադրում է ծանր հոդվածներով՝ բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։

Գերիների հարազատների հետ Փաշինյանի զրույցը մի քանի րոպե տևեց, նրանք դժգոհ հեռացան և չցանկացան որևէ մեկնաբանություն տալ։ Փոխարենը հենց Փաշինյանը խոսեց գերիների վերադարաձի շուրջ բանակցությունների ու հարցը քաղաքականացնելու մասին։ Նշենք, որ շատերը նաև հենց Փաշինյանին են մեղադրում հարցը քաղաքականացնելու համար։

«Նախ ես ուզում եմ բոլորիցդ, ներառյալ ներկա մեր գերեվարվածների հարազատներից ներողություն խնդրել, որ մինչև այժմ մենք ի վիճակի չենք եղել էդ խնդիրը լուծել։ Բայց ես նաև ուզում եմ ասել՝ դուք պետք ա իմանաք, որ էս ընթացքում արվել ա առավելագույնը էդ խնդիրը լուծելու համար։ Ինքը ունի ամենատարբեր բազմաթիվ շերտեր։ Բայց ես էս ընթացքում համոզվել եմ մի բանում, որ մենք ինչքան մանրամասն ենք խոսում էս թեմայի մասին, էնքան խնդրի լուծումը ուշանում ա։ Ես ուզում եմ ասել, որ ես անձամբ ամենօրյա ռեժիմով և նույնիսկ ճանապարհներին էդ թեմայի վրա աշխատում եմ։ Ոնց եմ աշխատում․ էս ընթացքում գնում են ամենատարբեր խոսակցություններ, ամենատարբեր բանակցություններ, ամենատարբեր նյուանսներ են քննարկվում։ Ես ասում եմ՝ որևէ կասկած չունեմ, որ մենք էդ խնդիրը լուծելու ենք։ Եվ մեր մեջ ասած՝ այո, չեմ էլ թաքցրել և հիմա էլ եմ ասում, որ փորձ ա արվում էդ խնդիրը մեր ներքին հարցերի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել։ Պետք չի նաև դա ժխտել։ Ես ուզում եմ մեզ բոլորիս համբերություն մաղթել։ Գիտեմ, որ հարազատները կասեն՝ ինչքա՞ն, յոթ ամիս անցավ, էսքան անցավ․․․ Ճիշտ են ասում։ Ես որևէ այլ բան չեմ կարող ասել։ Բայց մի բանում պետք ա համոզված լինեք, որ արվում ա առավելագույնը և կլինեն կոնկրետ արդյունքներ։ Ես չեմ կասկածում, դա ժամանակի հարց ա», - Ազատանում ասաց Փաշինյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն սահմանների հետ կապված իրավիճակին էլ անդրադարձավ՝ նշելով, որ չկա մի երկիր, որ չանցնի սահմանզատման գործընթացքով, այն անխուսափելի է նաև Հայաստանի համար․ - «Քանի որ Ադրբեջանն ասում ա, որ իրենք քարտեզներ ունեն և քարտեզներով էդտեղով ա անցնում և խնդիրը սահմանի գծի ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք հետևյալը․ երկու կողմն էլ հայելային եղանակով հետ են քաշում զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնում են ռուս սահմանապահները, և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ մենք սկսում ենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոտք-Խոզնավար հատվածում։ Մենք ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մեզ համար մերժելի չէ, և ես ուզում եմ, որ, սիրելի հայրենակիցներ, դուք էդ բառերից․․․ շատերը փորձում են էդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել․․․ Ուրեմը չկա էդպիսի երկիր, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնում»։

Փաշինյանն ասում է, թե հենց հավաքվածների շնորհիվ է, որ իրենք կարողացել են պահել իշխանությունը ու հավելում՝ ոչ թե իրենց, այլ ժողովրդի իշխանությունը․ - «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիր է, որ ձեզնից ստացած իշխանությունը մենք ո՞ւմ տանք․․․ Մենք ասեցինք՝ մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք տալ, վերադարձնել միայն ժողովրդին։ Էս խորհրդարանական արտահերթ ընտրությունների իմաստը դա է, մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնելու ենք ձեզ, և դուք էսօր Հայաստանում բացարձակ իշխանություն եք»։

Փաշինյանը նաև խոսեց ծրագրերից, թե ինչ են արել ու ինչ են անելու: Խոստացավ ճանապարհներ, ջրամբարներ կառուցել, գյուղատնտեսական մի շարք ծրագրեր իրականացնել։ Խոստովանեց, որ իր իշխանության 3 տարիների ընթացքում եղել են բացթողումներ։ Հիմա ակնկալում է 60 տոկոս քվե ստանալ, որպեսզի թավիշը պողպատի վերածի։

Երեկ նա մեկ այլ մարզում խոսել էր ընտրություններից հետո քաղաքացիական ու քաղաքական վենդետաների մասին։ Այսօրվա ելույթներում չկար երեկվա ագրեսիվ հռետորաբանությունը, նախկինների մասին վիրավորական արտահայտություններ չհնչեցին․ - «Շատ կարևոր ա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ստանա առնվազն 60 տոկոս ձայն։ Եվ ես խնդրում եմ հաշվի առնել սա։ Սա կարևոր է ներքաղաքական լիարժեք կայունություն ապահովելու համար, սա հարկավոր է երկրում օրինականության լիարժեք․․․ կարգուկանոն և խստություն և պահանջկոտությունը վերականգնելու համար»։

Վարչապետի պաշտոնակատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմով մարզի 7 համայնքներում եղավ, եղան նաև չնախատեսված կանգառներ:

«Բոլոր ուղերձները հասկանում ենք, ըմբռնում ենք և պարտավորվում ենք։ Բայց էլի ուզում եմ ասել՝ ձեր որոշումը մեզ համար օրենք ա», - դրանցից մեկի ժամանակ մարդկանց ասաց նա։

Նախընտրական քարոզարշaվի ամփոփիչ հանդիպումը մարզկենտրոնում Գյումրիում է՝ Վարդանանց հրապարակում։ Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը ասաց, թե պահը պատմական է, եկել է ջրբաժանի ժամանակը։ Իրեն հաջողվել է մրցապայքարի դուրս բերել միանգամից երեք նախկին նախագահներին․ - «Ուզում եմ մի կարևոր առանձնահատկության մասին էլ խոսել։ Ես ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին։ Եվ սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պիտի ասի իր խոսքը անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Բայց ես գիտեմ մի բան, որ այո, 2018 թվականի հեղափոխությունը փաստորեն ուշացավ։ Եվ գուցե դրանում է իմ ամենամեծ մեղքը, որովհետև գուցե կար շանս ավելի վաղ անել դա, և գուցե թե իրադարձությունները այլ կերպ կընթանային»։

Նա նշեց, թե չի լինելու վերադարձ անցյալին․ - «Մեծ հաշվով հիմա անցյալին նայելու․․․ ժամանակը չէ։ Բայց ճիշտ նկատվեց, որ հիմա շատերն են ասում, որ անցյալին վերադարձ չի լինելու։ Բայց ես ասում եմ և հույս ունեմ, որ դուք կպաշտպանեք այդ դիրքորոշումը, որ ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, այլև անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու։ Որովհետև մեր խոսակցությունը այլևս պիտի լինի ապագայի մասին»։

Հավելենք, որ Շիրակի մարզից գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները Շիրակի մարզպետարանում են, և հանրահավաքի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նրանց հետ։

XS
SM
MD
LG