Մատչելիության հղումներ

Մենք երբեք չենք ստել, ինչ խոստացել ենք, արել ենք․ Ռոբերտ Քոչարյան


Այս ընտրությունն անձերի կամ քաղաքական ուժերի մասին չէ, այլ այն մասին ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել, Գորիսում նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարեց ՀՅ Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները միավորող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քարոզարշավը սահմանամերձ Սյունիքից սկսած նախկին նախագահը խոստանում է, թե իրենց իշխանության գալու դեպքում լուծվելու են երկրում առկա բոլոր խնդիրները․ - «Մենք ուզում ենք ունենալ անվտանգ երկի՞ր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել, մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը»։

Խոստումներից բացի, «Հայաստան» դաշինքը ընտրողներին նաև ժամկետներ է ներկայացնում, թե երբ են ավարտվելու այս կամ այն ծրագրերը։

«Հստակ ասում ենք, որ մեկ տարվա ընթացքում լուծելու ենք մեր բանակի վերակազմակերպման հարցը, և երեք տարիների ընթացքում՝ բանակի սպառազինության հարցը։ Ասում ենք, որ փոխելու ենք կառավարության կառուցվածքը, վերականգնելու ենք Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները։ Հստակ ասում ենք գյուղատնտեսության ոլորտում ինչ բարեփոխումներ ենք անելու, ասում ենք, որ երեք տարվա ընթացքում լուծելու ենք ոռոգման խնդիրը», - հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Դաշինքի անդամները իրենց բոլոր հանդիպումներում քննադատում են գործող իշխանություններին՝ մեղադրելով նրանց պատերազմի պարտության, տնտեսական վատ վիճակի ու անհանդուրժողականության մթնոլորտի համար։

Հարթակում էր նաև ՀԱՊԿ նախկին քարտուղար, Քոչարյանի իշխանության տարիներին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը: Նա իր խոսում պատերազմի ելքի համար գործող իշխանություններին քննադատեց: Խոսքը սկսեց հայերենով, բայց հետո ռուսերենի անցավ. կաշկանդված է՝ հայերեն լավ չի խոսում․ - «Բոլոր կոպիտ սխալները բերեցին պարտության: Ամենագլխավոր սխալը՝ պաշտպանության բանակը չէր բերվել լիարժեք մարտական պատրաստության»։

Գորիսում, արդեն ոչ բեմահարթակին էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը, ամենևին ոչ աշխատանքային այցով: Մինչև հավաքի մեկնարկը Վիտալի Բալասանյանը ձեռքով բարևեց երկրորդ նախագահին:

Հարցին, թե ինչու է եկել հավաքին, Բալասանյանը կարճ արձագանքեց․ - «Ես եկել եմ թեյ խմեմ, հետ դառնամ․․․»

Արցախի բարձրաստիճան պաշտոնյան խուսափեց այլ հարցերի պատասխանել. ամբողջ հանրահավաքի ընթացքում Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարը Քոչարյանի ելույթը լսելու եկած քաղաքացիների շարքերում էր:

Սիսիանում Քոչարյանը կրկնեց նախորդ հանդիպումներում հնչեցրած միտքը, թե իրենք ունեն բավարար գիտելիք ու փորձ․ - «Ո՞ր քաղաքական ուժը ունի բավարար փորձ, բավարար գիտելիքներ, բավարար վճռականություն և կամք։ Եվ իմ դիմումս հետևյալն է՝ մենք այդ որակները ունենք․․․ Մենք դա հաստատ ունենք և մենք ունենք այն փորձը, որը ձեր աչքի առաջ է։ Մենք երբեք չենք ստել, ինչ խոստացել ենք, արել ենք»։

Արդեն հանդիպման ավարտին Քոչարյանը ճեպազրույց տվեց: Մեղրին հանձնել պատրաստվելու համար իրեն ուղղված մեղադրանքներին վերաբերող հարցին պատասխանելու փոխարեն, «Հայաստան» դաշինքի առաջնորդը նկատողություն արեց, հիշեց բարեվարքության մասին․ - «Դուք էթիկայի մասին լսած կա՞ք, թե չէ ընդհանրապես»։

«Հայաստան» դաշինքի թիմը նախընտրական քարոզարշավը հիմնականում քաղաքներում է անում։ Հարցին, թե ինչու, դաշինքի պատգամավորի թեկնածու, իշխող «Իմ քայլը» լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը պատասխանեց․ - «Հետո անցկացնելու ենք։ Առանձին ենթաշտաբեր կան, որոնք տարբեր գյուղերում, գյուղական համայնքներում են պտտվում այս պահին: Ես էլ ընդամենը երկու օրից վերադառնալու եմ և շարունակեմ իմ այցերն արդեն գյուղական համայնքներ։ Արտահերթ ընտրություններին ընդամենը 14 օր քարոզարշավ է, հետևաբար բոլոր համայնքներում հնարավոր չէ։ Դրա համար կենտրոնանում ենք հիմնականում խոշոր համայնքներում, իսկ ենթաշտաբերով, ենթաքարոզչական խմբերով արդեն գնում ենք բոլոր մնացած համայնքները»։

Դաշինքի քարոզարշավն այսօր շարունակվեց Վայոց Ձորում։

XS
SM
MD
LG