«Ես ուզում եմ ասել ձեզ` ցանկացած հարց, խնդիր, պրոբլեմ գիտեմ, լուծումն էլ գիտեմ»: «Բարգավաճ Հայաստանի» 93 հոգանոց ցուցակն առաջնորդող կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում, դիմելով իր ընտրողներին, հայտարարեց` ժողովրդի անվտանգությունն ապահովելու մեկ ճանապարհ կա` դա Ռուսաստանի Դաշնությունն է, ու նա է Հայաստանի հարազատը:
«Բարգավաճ Հայաստանի» վարչապետի թեկնածուն, որը պատկառելի կարողության տեր է, նաև ներդրումներից, տնտեսական աճից խոսեց, ասաց` ինքն այնպիսի կապեր ունի, որ կկարողանա դրանք ապահովել. «Ներդրողներ են եկել, կազմակերպել եմ, մեկը մի միլիարդ է դրել, մեկը 100 միլիոն է բերել, մեկը 20 միլիարդի կազմակերպություն, որ մեր ժողովրդին մի տոկոսով վարկ տան, որը փրկություն է: 10 տարով մի տոկոսով վարկ, որի առաջին երկու տարին մայր գումար պետք է չփակեն: Ես իմ կապերը միշտ օգտագործել եմ, օգտագործել եմ, որ կարողանամ մեր ժողովրդի համար լավ բան անել»:
«Բարգավաճի» 64-ամյա առաջնորդը նաև հիշեցրեց` ինքն առաջինն է կառավարության 100 տոկոսի հրաժարականը պահանջել, բայց կմիանա՞ արդյոք քաղաքական որևէ ուժի, եթե անցնի խորհրդարան, ու մեծամասնություն ապահովելու խնդիր լինի, այսօր այս հարցին չանդրադարձավ: Փոխարենը Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Առողջապահության նախարարության աշխատանքին` ըստ էության դա անբավարար գնահատելով. «Այսօր մարդիկ հիվանդ, հիվանդանոց չեն գնում, գումար չունեն, ամաչում են գնան, բայց պետական բյուջեից 250 միլիոն տրամադրված է առողջապահության համար: Դա պետպատվերի տեսքով: Տեսնում եմ` պետպատվերը չի արդարացնում, լիարժեք արդյունավետ չի, թող պատվերը փոխեն սերտիֆիկատի տեսքով, որ մարդիկ արժանապատիվ գնան հիվանդանոց, գլուխը չկախեն, չամաչեն, գնան, դիմեն, որ ընտանիքով, բարեկամությամբ տունը վարկի տակ չդնեն, որ տանի, ծնողին մի հատ ստենտ դնի»:
Երիտասարդներն անտեսված են, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ու ասում` նրանց օգնել է պետք. «Այսօր երիտասարդությունն ամբողջովին անտեսված է, ոչ մի քայլ իրենց համար, բարեկեցության համար, երջանկության համար, ընտանիք կազմելու համար քայլ չի կատարվում: Այսօր երիտասարդները չեն ամուսնանում, բնակարանի խնդիր ունեն, աշխատանքի խնդիր ունեն: Ամաչում է տղան ամուսնանա, տունը ո՞նց է պահելու: Ամաչում է, երկու սենյակում հինգ հոգի է բնակվում:
Այս բոլորը պետք է հասկանանք, վերլուծենք, ծրագրավորենք և քայլ-քայլ իրականություն դարձնենք, ժողովո՛ւրդ ջան:
Պարտադիր չի, ով գեղեցիկ խոսում է, գնալ, նրան ձայն տալ: Այ դուք նայեք մարդու ապրածը, մարդու արածը, մարդու գործունեությունը: Ըստ այդմ ձեր խղճի առաջ»:
Խմբակցության առաջնորդն անցած տարի զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: Ծառուկյանը կալանավորվեց անցած սեպտեմբերին` պատերազմից 2 օր առաջ, և ազատ արձակվեց հոկտեմբերի վերջին` 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Այս գործը դեռ դատաքննության փուլ չի մտել: