Երեկ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած երեք գերիներից մեկը Շիրակի մարզի 22-ամյա բնակիչ Սամվել Շուխյանն է։ 44-օրյա պատերազմին մասնակցած պահեստազորայինը գերեվարվել էր նոյեմբերին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո։
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիները վերադարձվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։ Գերիների հարցերով զբաղվող, շիրակցի իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի տվյալներով՝ հայրենիք են վերադարձել նաև Հադրութում գերեվարված շարքային զինծառայող, 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը և Թաղավարդում գերեվարված 46-ամյա Սեյրան Թամրազյանը։
Սամվել Շուխյանի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բուժզննում է անցել, լուրջ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է. «Շատ լավ, ուրախ, տրամադրությունը բարձր, շատ լավ: Մենք էլ շատ ուրախ ենք: Տարել են հոսպիտալ, բուժզննում է անցել, նորմալ է ամեն ինչ»:
Տիկին Գոհարը պատմեց, որ Սամվելի մայրը միայն երեկ է իմացել որդու գերեվարման մասին։ Լուրը նրանից խնամքով թաքցնում էին. «Մեր այդ ապրումները տանջանք էին, իր մաման տեղյակ չէր, մինչև վերջ չգիտեր, երեկ իրիկունը նոր իմացել է, եկավ երեխան, նոր իրեն ասել ենք, մաման գիտեր, որ Ղարաբաղ խրամատներ կփորեր, դիրքերն էր»:
Սամվել Շուխյանը զինծառայող ընկերների հետ գերեվարվել էր Խծաբերդում, երբ արդեն ավարտվել էր լայնածավալ պատերազմը։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում շիրակցի երիտասարդը Ջաբրայիլում էր, տուն էր վերադարձել, հետո նրան նորից կանչել էին ծառայության. «Մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր երեխուն Աստված է բերել, ոչ ոք, ու շատ շնորհակալություն կհայտնենք Մուրադովին, Մուրադովը կզբաղվի մեր տղաներով»:
Եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի տարածքից գերեվարված զինծառայողներին պաշտոնական Բաքուն ռազմագերի չի համարում, այլ նրանց բնորոշում է որպես ահաբեկիչներ։ Պաշտոնական տվյալներով` գերությունից վերադարձվել է 72 գերի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` այս պահին Ստրասբուրգի դատարանում 188 անձի վերաբերյալ որոշում կա։ Գրասենյակի իրավաբան փորձագետ Իգոր Միրզախանյանը փոխանցեց՝ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը 249 գերու հարցով զբաղվելու որոշում է կայացրել, բայց քանի որ նրանց մի մասը վերադարձել է հայրենիք, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188 գերիների հարցերով։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:
«Մենք ունենք 188 անձի վերաբերյալ կայացված որոշում, բայց որպեսզի համարենք, որ այդ մարդիկ գերության մեջ են, պետք է ունենանք ադրբեջանական կողմից պաշտոնական հաստատում դատարան: Մինչդեռ գիտեք, որ որոշումները կան, բայց Ադրբեջանի կողմից համագործակցությունն ու դատարանին բավարար ինֆորմացիայի տրամադրում չկա, ու այդ առիթով դատարանը մարտի 9-ին որոշում է կայացրել իր որոշումները չկատարելու խնդրով դիմել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե», - ասաց Իգոր Միրզախանյանը:
Վերջինս փոխանցեց, որ մայիսի 21-ին նախատեսվում է Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմնի՝ Նախարարների կոմիտեի տարեկան նիստը, որի օրակարգում չի բացառվում Ադրբեջանի հարցի քննարկումը. «Չի բացառվում, որ օրակարգում ներառվի կամ ընդհանուր քննարկվի խնդիրը կամ մեր նախարարի կողմից բարձրաձայնվի, հստակ չեմ կարող ասել` ինչ ձևաչափով, բայց ամենայն հավանականությամբ հարցը կքննարկվի»:
«Ազատության» հետ զրույցում գերիների հարցերով զբաղվող իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայ գերիների վերադարձի համար կարևորում է նաև միջազգային հանրության հետևողական ճնշումն Ադրբեջանի նկատմամբ. «Անժխտելիորեն միջազգային ճնշման ուժգնացումը որոշակի անհարմար վիճակում է դնում Ադրբեջանին, թեև այն հանգամանքին, որ Ադրբեջանը կոնվենցիոն բոլոր պարտավորությունները խախտում է, մարդասիրական իրավունքը ոտնահարում է, բայց ես կարծում եմ, որ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հնչեցված կարծիքները, առանձին երկրների պառլամենտների ընդունած հայտարարություններն անուղղակիորեն ազդեցություն ունեցել են: Բնականաբար, այս գործընթացում հետևողական այս պրոցեսները պետք է շարունակական լինեն, որ մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ»:
Երեկ Հայաստան վերադարձած գերիներին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ։