Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայ գերիներին օգտագործում է որպես խաղաքարտ, պնդում է Հայաստանի նախագահը


Ադրբեջանն իր մոտ պահվող հայ գերիներին օգտագործում է որպես խաղաքարտ՝ իր նպատակներին ծառայեցնելու համար, լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ադրբեջանի հետ խոսելուց առաջ նախ հայ գերիները պետք է վերադարձվեն, ընդգծել է նախագահը։

«Սա անթույլատրելի է՝ նույնիսկ պատերազմող պետությունների միջև, անընդունելի է միջազգային որևէ օրենքով: Ընդհանրապես, անթույլատրելի է զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է: Կարծում եմ` իմ դերը որպես նախագահ՝ պետք է անընդհատ բարձրաձայնեմ այս հարցը, քանի այդ հարցը չի լուծվել։ Եվ իհարկե այստեղ գտնվելով, երբ խոսում ես այդ մասին, դրա մասին լսում է ոչ միայն նախագահը, ոչ միայն ասենք Վրաստանի ժողովուրդը, այլև լսում է նաև միջազգային հանրությունը, որ նմանատիպ խնդիր կա, և այդ խնդիրն ինչ-որ իմաստով ոչ մարդկային վերաբերմունք է: Որևէ ձևով, սկսած անհետ կորածներից մինչև գերիները կամ պատանդներն այս բախտին չպետք է արժանանան, և պետք է անպայման բարձրաձայնենք սրա մասին:

Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ թող մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք», - շեշտել է նա։

Ամփոփելով իր պաշտոնական այցը՝ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումների ընթացքում ընդգծել է՝ առանց Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծման տարածաշրջանում անհնար է կայունություն ապահովել. «Առաջին անգամը չէ, որ վրացական կողմն առաջարկում է լինել այն պլատֆորմը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Շատ լավ, ազնիվ առաջարկ է, բայց թե որտեղ, ովքեր ու ինչի մասին պետք է բանակցեն, համենայն դեպս ինձ համար դեռևս պարզ չէ: Որևէ լուրջ բանակցության, միջպետական բանակցության մասին ընդհանուր ծրագրերից խոսելուց առաջ նախ և առաջ հակառակ կողմը պետք է ցույց տա գոնե ամենաէլեմանտար մարդկային վերաբերմունք: Որևէ կողմ, անկախ նրանից, թե դու հակառակորդ ես, թե թշնամի ես, չպետք է անես քայլեր, որոնցով կփակես ճանապարհներ ապագա երկխոսության համար»:

Նախագահը խոսել է հետպատերազմյան Հայաստանի առջև ծառացած խնդիրներից. հազարավոր երիտասարդներ զոհվեցին, հազարավորները վիրավորվել են, կորցրել առողջությունը։ Կան առողջապահական, տնտեսական բազում դժվարություններ. «Երբ խոսում ենք տարածաշրջանի անվտանգության մասին, դա ներառում է նաև առողջապահական անվտանգությունը, քաղաքական, ռազմական, տեղեկատվական կամ կիբերանվտանգությունը՝ ընդհուպ մինչև սննդի անվտանգություն: Մեր նման երկրի համար դա նույնպես խնդիր է:»

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում դիսկուրս է ծավալվել խաղաղասիրության, տարածաշրջանի՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին, և այս համատեքստում ինչպիսի՞ն է նախագահի մոտեցումը՝ Սարգսյանը նշել է, որ իր վերաբերմունքը և՛ Թուրքիայի, և՛ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս է արտահայտել. «Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու այսօր ուղղակի մոռանալ Եղեռնը որպես պատմություն և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն»:

Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնելու մասին ամիսներ ի վեր խոսում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մի քանի տասնյակ հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Թե քանի գերի է պահվում Ադրբեջանում, պաշտոնական որևէ թիվ չի հրապարակվել։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով` շուրջ 200 գերու մասին է խոսքը։ Ադրբեջանը, սակայն, մինչ այս պահը միայն 71 հոգու գերեվարված լինելու մասին է հաստատում ներկայացրել, սակայն նրանց վերադարձնելու հարցով որևէ շարժ չկա: Ավելին՝ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները պարբերաբար կրկնում են, որ իրենք գերիներ չունեն, ունեն եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված դիվերսանտներ։

Ընդհանուր առմամբ մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG