Մատչելիության հղումներ

«Մեր սիրտը զգում է` կենդանի է». բժշկի ընտանիքն սպասում է Բաքվի արձագանքին


«Ինքը հերթապահ էր, ասի` դուրս արի, ասաց` սկզբից քեզ ճանապարհ կդնեմ, հետո` ես»:

Բժիշկ ամուսնու մասին առանց հուզվելու կինը չի կարողանում խոսել։ 44-օրյա պատերազմից հետո 75-ամյա Մայրանուշ Մովսիսյանը միայնակ է մնացել։ Մինչև պատերազմը ամուսիններով Ղարաբաղում էին հյուրընկալվել։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ, նյարդաբան Վլադիմիր Լալայանը ժամանակն անցկացնում էր այժմ Ադրբեջանին անցած Կովսականի հիվանդանոցում՝ տեղի բժիշկներին էր օգնում, կիսվում էր տասնամյակների մասնագիտական փորձով։

Պատերազմի օրերին ևս բժիշկը հիվանդանոցում էր։

«Այդ պահին զինվորներ էին բերում այդ հիվանդանոց, ասաց` ես ո՞նց թողնեմ այս զինվորներին, գամ էլի, դու գնա, ես կգամ: Ինձ ուղարկեց, ես եկա, հեռախոսի քարտը պրծել էր, ասաց` փող կփոխանցես, երկու անգամ փող եմ փոխանցել», - պատմում է Մայրանուշ Մովսիսյանը:

Պատերազմի ընթացքում կնոջը Հայաստան ուղարկելուց հետո 80-ամյա Լալայանին ևս առաջարկել են դուրս գալ Կովսականից, կես ճանապարհն անցնելուց հետո, սակայն, բժիշկը հետ է գնացել ինչ-որ փաստաթղթերի հետևից. «Իրեն հանել են դուրս, քաղաքապետը, գլխավոր բժշկուհին` Սարգսյան Լուսինեն, հանել են դուրս, ինքը նորից փոշմանել, հետ է եկել»:

Հայաստան տեղափոխված կինն ամուսնու մասին տեղեկություն գտնելու համար օրեր է անցկացրել Կապանում, խոսել ծանոթների հետ, փորձել ստացած տեղեկությունները համադրել, պարզել՝ վերադառնալուց հետո ուր կորավ նա։ Տանջալից որոնումներից հետո կնոջը տեղեկացրել են, որ բժշկին գտել են կախված վիճակում, հետո, բարեբախտաբար, այս տեղեկությունը հերքվել է. «Ասում էին` մթոմ իրեն կախել են հիվանդանոցում, սուտ էր դա: Լավ զբաղվել են, լավ հետաքրքրվել են, մանավանդ քաղաքապետ Սուրեն Քարամյանից շատ գոհ եմ»:

Ընտանիքի անարդյունք որոնումների մեջ մի փոքր հույս է բացվել, երբ ամիսներ առաջ գերությունից վերադարձած մի տղամարդ խոսել է իր հետ գերեվարված բժշկի մասին. «Ասաց` մենք 3 հոգով էինք էնտեղ, մի սենյակում 3 կամ 5 հոգի, ասին` ո՞վ էր, թույլ չտվին, որ ասի, իրեն բերողները` ռուս էին, հայ էին, ադրբեջանցի էին, բերողները չթողեցին, որ այդ մարդը խոսեր: Չէր երևում (գերությունից վերադարձած տղամարդը-խմբ.), հետո ասաց, որ այնտեղ բժիշկ կար»:

Այս տեղեկությունը ստանալուց հետո արդեն ընտանիքը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպաններին։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վլադիմիր Լալայանի հարցով դիմել են Ստրասբուրգի դատարան և հիմա սպասում են Ադրբեջանի պատասխաններին՝ պաշտոնական Բաքուն կա՛մ կհաստատի, որ 80-ամյա բժիշկն իր տարածքում է, կամ՝ ոչ:

«Մեր սիրտը զգում է, որ ինքը կենդանի է, թող երևա, թեկուզ նենց երևա էլի, որ հանգստանան երեխեքը, մեղք են», - ասում է կինը:

Առանց սիրելի ամուսնու օրերը մթնեցնող կինն այժմ միայնակ է բնակվում, հարևանուհին է նրան օգնում կենցաղային հարցերում, փորձում թեթևացնել տխուր օրերը։ Մայրանուշն ամուսնու երկրորդ կինն է, մեծ սիրով է խոսում նրա երկու որդիների և դստեր մասին, արտերկրից կապն ամեն օր են պահում. «Մի տղան Ֆրանսիայում է` Սուրենը, ցավը տանեմ, շատ լավ տղա է: Ինձ չեն թողնում այստեղ, ասում են` արի»:

Հրազդանի փոքր բնակարանում 75-ամյա կնոջ փոքր արխիվում պահ տված լուսանկարներից ժպտում է բժիշկ ամուսինը՝ շրջապատված գեղեցկադեմ կանանցով։ Հենց վերադարձավ, քեֆ եմ անելու, ասում է լացակումած կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG