Չնայած տարաձայնություններին, Միացյալ Նահանգները Թուրքիային համարում է կարևոր դաշնակից և կարծում, որ Անկարան չպետք է հեռանա Հյուսիսատլանտյան դաշինքից: Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը այդ պաշտոնում առաջին անգամ մասնակցում է Բրյուսելում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, որի ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպումներ կունենա դաշնակից երկրների պաշտոնակիցների հետ։
Թուրքիայի մասին Բլինքենը խոսել է գագաթնաժողովի մեկնարկից առաջ` լրագրողի հարցին ի պատասխան։
«Թուրքիան արժեքավոր դաշնակից է։ Մենք շահագրգռված ենք, որ ամրապնդվի ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը։ Մեր կարծիքով` սա համընկնում է նաև Թուրքիայի շահերի հետ»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը` միաժամանակ չթաքցնելով, որ Անկարայի հետ խորը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում՝ ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը, Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները:
Բլինքենը միևնույն ժամանակ հավելել է՝ Միացյալ Նահանգները մտադիր է վերսկսել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում և նոր թափ հաղորդել։
«Ես եկել եմ Միացյալ Նահանգների անունից մեր ուժեղ հավատարմությունը հայտնելու դաշնակիցներին։ Միացյալ Նահանգները ցանկանում է վերսկսել համագործակցությունը, առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, թափ հաղորդել, ինչպես նախկինում էր»,- ասել է նա:
Նահանգներում վարչակազմի փոփոխությունից հետո ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ լարվել են։ Ամերիկյան նոր իշխանությունները ընդհուպ պատժամիջոցներ սահմանեցին Թուրքիայի նկատմամբ, իսկ նորընտիր նախագահը, խախտելով նախկինում գործող «ավանդույթը», պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում այդպես էլ հեռախոսազրույց չունեցավ բարեկամ Թուրքիայի առաջնորդի հետ։ Ջո Բայդենը զանգահարեց նույնիսկ Կրեմլի ղեկավարին, բայց դեռևս ոչ Ռեջեփ Էրդողանին։
Թուրքիայի նախագահն էլ իր հերթին, Մոսկվա-Վաշինգտոն օր օրի սրվող լարվածության ֆոնին հետևողականորեն շարունակում է հարաբերությունները էլ ավելի խորացնել Ռուսաստանի հետ։ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցի հասցեին հաճոյախոսություններ շռայլելուց, Ռուսաստանի հետ ռազմավարական մակարդակի համագործակցությունից խոսելուց բացի, վերջերս հարկ էր համարել միջամտել երկու գերտերությունների առաջնորդների՝ Պուտին-Բայդեն հեռակա բանավեճին՝ քննադատել Սպիտակ տան ղեկավարին և պաշտպանել Ռուսաստանի առաջնորդին։ Էրդողանին դուր չէր եկել նախագահ Բայդենի այն հայտարարությունը, ըստ որի` Պուտինը մարդասպան է։
«Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին»,- հանդիմանել էր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանի ղեկավարած Թուրքիայի կառավարությունը, երեք տարի առաջ անտեսելով դաշնակիցների հորդորներն ու պահանջները, շուրջ երկուսուկես միլիարդ դոլարի ռազմական գործարք կնքեց ՆԱՏՕ-ի ռազմավարական մրցակից Ռուսաստանի հետ, ինչը կառույցում որակեցին անարգանք ռազմական միության նկատմամբ։
ՆԱՏՕ-ում նաև մտավախություն ունեն, որ Թուրքիայի կողմից S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ: Անկարան ոչ միայն չհրաժարվեց այդ գործարքից, այլև հայտարարեց Մոսկվայից նոր սպառազինություն ձեռք բերելու հնարավորության մասին։ ՆԱՏՕ-ն այս օրերին միակ հարթակը չէ, որը քննարկում է Անկարայի ապակայունացնող քաղաքականությունը և Էրդողանի վարչակազմին զսպելու մեխանիզմները։
Թուրքիան նաև Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովի օրակարգի գխավոր թեմաներից է։ Այդ հավաքից առաջ դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը ներկայացրել է Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի մասին ծավալուն զեկույց, որի ամենապայթյունավտանգ մասը, թերևս, Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների ցանկն է, որը կսահմանվի, եթե Էրդողանի վարչակազմը շարունակի «միակողմանի գործողություններն ու սադրանքները»։
Թիրախում կհայտնվեն Թուրքիայի տնտեսության կարևորագույն ոլորտները՝ զբոսաշրջությունն ու էներգետիկան, ասվում է Բորելի հեղինակած 15 էջանոց զեկույցում, որը կազմվել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հանձնարարությամբ։
Անցած դեկտեմբերին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Գերմանիան կանխել էր Անկարայի դեմ պատժամիջոցների ընդունումը՝ ևս մի քանի ամիս ժամանակ տալով թուրքական կառավարությանը փոխելու իր վարքագիծը։
Տասնամյակներով Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի և դաշինքի միջև հարաբերությունների կտրուկ սրման պատճառը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Անկարայի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքներն են։ Եվրամիության անդամներ Աթենքը և Նիկոսիան պնդում են, որ թուրքական հետազոտական նավերն ու դրանց ուղեկցող ռազմանավերը խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները։
Միջերկրականի ավազանում ամիսներ շարունակվող լարվածությունից բացի, Բրյուսելն անընդունելի է համարում նաև Սիրիայում և Լիբիայում Անկարայի վարած քաղաքականությունն ու Թուրքիայում ավտորիտար միտումների շարունակական խորացումը։ Բրյուսելում անընդունելի էր որակվել նաև Անկարայի ապակայունացնող դերակատարումը ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։