Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
Ղարաբաղյան թեմայի քննարկման մանրամասները հայտնի չեն, թուրքական լրատվամիջոցները միայն հիշատակում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ղարաբաղի խնդրին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինագուրացիայից հետո սա անվտանգության հարցերով խորհրդականների միջև առաջին հեռախոսազրույցն է։
«Դեյլի Սաբահի» փոխանցմամբ` նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ` Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հակամարտություններ, Կիպրոսի հարց ու Լեռնային Ղարաբաղ։ Քննարկվել են նաև քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցության հետ կապված խնդիրները։
Սիրիայի ու Լիբիայի վերաբերյալ նրանք ընդգծել են քաղաքական լուծման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի կարևորությունը։ Հույս են հայտնել, որ Թուրքիայի ու Հունաստանի միջև նախնական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության և կայունության Միջերկրականի արևելքում։
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամենակնճռոտ խնդիրն Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 (C-400) հրթիռային համակարգեր ձեռք բերելն է։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ քննարկումների զգալի մասը նվիրված է եղել հենց այդ հարցին։ Ջեյք Սալիվանն ընդգծել է Բայդենի վարչակազմի ձգտումները՝ կառուցողական հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև` միաժամանակ շոշափելով նաև տարաձայնությունների այդ ոլորտը։
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Էմիլի Հորնի փոխանցմամբ՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է ՆԱՏՕ-ի միջոցով ամրապնդել տրանսատլանտյան անվտանգությունը և մտահոգություն հայտնել, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը խարխլում է դաշինքի միասնականությունն ու էֆեկտիվությունը։
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Սալիվանն ու Քալընը համաձայնել են ակտիվացնել ջանքերը՝ լուծելու S-400 համակարգերի հետ կապված խնդիրները։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրությունների՝ նրանք նաև արտահայտել են իրենց հանձնառությունը` բարելավելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները` որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ։
2019-ին ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները վատթարացել. երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական համակարգերը, ի պատասխան Վաշինգտոնը չեղարկեց F-35 գերժամանակակից ռեակտիվ օդանավերի ծրագիրը Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պնդում էին, որ ռուսական հրթիռները սպառնալիք են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, այդ համակարգերն ընդունակ են վերահսկել օդային տարածքը, հետևել օդանավերին, կարդալ F-35 ռազմական օդանավերի տեխնիկական գաղտնիքները, իսկ Անկարան հավաստիացնում էր, որ S-400 համակարգերը չեն միացնի, չեն ինտեգրի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին։
Ամերիկայի նոր վարչակազմի հետ առաջին շփումների, Սալիվան-Քալըն առաջին հեռախոսազրույցի մասին Թուրքիայի նախագահի գրասենյակի գրավոր հայտարարությունում նաև նշված է, որ նրանք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջև կապերի ամրապնդումը, յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ սերտ շփումների պահպանումը, երկխոսության խողովակների արդյունավետ օգտագործումն առաջիկա ժամանակահատվածում կառուցողական համագործակցության համար։