Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոշտ է արձագանքում ԱՄՆ նախագահի խոսքերին


Ռուսաստանի նախագահն այսօր մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը, թե «Պուտինը մարդասպան է»։

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես ինքն ասաց՝ անձամբ ծանոթ ենք։ Ի՞նչ կասեի նրան։ Ես նրան կասեի՝ առողջ եղեք։ Ես նրան առողջություն եմ մաղթում», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դա ասում է առանց հեգնելու կամ կատակելու։ - «Ով ուրիշին պիտակ կպցնում է, հենց ինքն է այդպես կոչվում»։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» է որակել անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ նշելով, թե Ռուսաստանը ելնելու է նրանից, որ ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։

ABC հեռուստաալիքի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ Պուտինը մարդասպան է՝ Բայդենն արձագանքել է․ «Հմմմ, Այո։ Դուք կտեսնեք, որ Պուտինը պատասխան կտա»։

ԱՄՆ նախագահի երեկվա այս հայտարարությունից հետո ռուս- ամերիկյան հակամարտությունը նոր փուլ է մտնում։ Միևնույն ժամանակ այս հայտարարությունից հետո Ջո Բայդենը հարցազրույցում շարունակել է խոսել Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին մի փոքր այլ տոնով։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկարաձգել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որովհետև, իր ձևակերպմամբ՝ «մեկը մյուսին չի խանգարում, և համաշխարհային քաղաքականության մեջ կան ոլորտներ, որտեղ երկու պետությունների շահերից է բխում միասին աշխատելը»։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, թե Պուտինը ստիպված կլինի վճարել այն բանի համար, ինչ արել է։ Բայց թե ինչպիսին կլինի այդ գինը, Բայդենը չի ասել:

Խոսքը, հավանաբար, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին է, որոնք ուժի մեջ են մտնում արդեն այսօրվանից։ Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումները ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման փորձի պատճառով ՝ արգելք սահմանելով սպառազինությունների արտահանման և ներմուծման, ինչպես նաև պաշտպանական նշանակության ծառայությունների մատուցման վրա:

Պատժամիջոցների նպատակն է կանխել երկակի նշանակության ամերիկյան տեխնոլոգիաների մուտքը Ռուսաստան։

Պաշտոնական Մոսկվան երեկ երեկոյան անմիջապես արձագանքել է․ հետ է կանչվել Ռուսաստանի դեսպանը Վաշինգտոնում, իսկ արտգործնախարարության պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նման բան չի հիշում, որ Միացյալ Նահանգներից հետ կանչեն դեսպանին։

«Դեսպան Անատոլի Անտոնովը Մոսկվա կմեկնի մարտի 20-ին՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

Բայդենի երեկվա կոշտ հայտարարությունը սուր քննադատության են ենթարկել նաև ռուսաստանցի պատգամավորները։

«Ռուսաստանի նախագահի հասցեին հնչեցրած Միացյալ Նահանգների նախագահի կոպիտ հայտարարությունները անխուսափելիորեն բացասաբար կանդրադարնան երկկողմ հարաբերությունների վրա։ Իսկ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա հրավիրելը խորհրդակցությունների համար կարող է լինել Մոսկվայի ոչ վերջին արձագանքը, եթե ամերիկյան կողմից ներողություն չհետևի», - այսօր ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG