Մատչելիության հղումներ

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Վաշինգտոնն ու Անկարան փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում ծագած լարվածությունը։ Այս նպատակին էր ծառայում երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցը։

Reuters-ը, ի դեպ, հիշեցնում է, որ սա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջին հեռախոսազրույցն է Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր։ Երկու երկրների դիվանագիտական շրջանակներում հեռախոսային այս շփմանը սպասում էին շաբաթներ շարունակ, անգամ ենթադրություններ էին հնչում, որ Անկարայի հետ կապ չհաստատելով՝ Պետդեպարտամենտի ղեկավարությունն ի ցույց է դնում Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունը։

Բլինքենի և Չավուշօղլուի հեռախոսազրույցը կայացավ մի իրավիճակում, երբ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը հասել է գագաթնակետին։

Բարձրաստիճան դիվանագետների հեռախոսազրույցից մի քանի ժամ առաջ Սև ծովի ափին գտնվող Ռիզե քաղաք այցելության ընթացքում Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության էր ենթարկել ամերիկյան իշխանություններին՝ Վաշինգտոնին մեղադրելով քուրդ զինյալների աջակցելու մեջ։ «Արդյոք դուք չպե՞տք է պայքարեք ահաբեկիչների դեմ, Քրդական բանվորական կուսակցության, [Սիրիայում գործող] «Ժողովրդական պաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միության» դեմ։ Բայց դուք փոխարենը սատարում և աջակցում եք նրանց», - հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանի այս հայտարարությունը հնչեց Հյուսիսային Իրաքում Թուրքիայի 13 քաղաքացիների մարմինների հայտնաբերումից մեկ օր անց։ Թուրքական կողմը պնդում է, որ լեռնային քարանձավերից մեկում հայտնաբերված այդ զոհերը նախկինում պատանդառված քաղաքացիական անձինք էին, որոնց գնդակահարել էին քուրդ զինյալները։ Անկարայում վրդովվել էին հատկապես այն փաստից, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Թուրքիայի քաղաքացիների մահվան առթիվ հանդես էր եկել կցկտուր մի հայտարարությամբ՝ նշելով, որ եթե այդ հանցագործության թիկունքում իրոք Քրդական բանվորական կուսակցության զինյալներն են, ապա Վաշինգտոնը խստորեն դատապարտում է կատարվածը։ Այս ձևակերպումը ևս առաջ էր բերել Թուրքիայի նախագահի խորը դժգոհությունը։

«Տեսեք, թե ինչ է հայտարարում Միացյալ Նահանգները։ Դա պարզապես ծաղր է», - դիմելով Ռիզեի քաղաքային մարզադահլիճում հավաքված իր հարյուրավոր կողմնակիցներին՝ հայտարարում էր Էրդողանը։

Նշենք, սակայն, որ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները, գոնե կարճաժամկետ հեռանկարում, կարծես արդյունավետ էին։

Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույից ընթացքում պետքարտուղար Բլինքենը ստիպված էր որոշակիորեն սրբագրել իր ղեկավարած գերատեսչության տեսակետը՝ ընդունելով, որ Թուրքիայի 13 քաղաքացիների սպանության պատասխանատվությունը կրում են հենց «Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչները»։

Անցած գիշեր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում Բլինքենը և Չավուշօղլուն անդրադարձել երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր կնճռոտ հարցերին՝ այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակներում թուրք-ամերիկյան համագործակցության հետագա ճակատագրին։ Այս խնդրում, ի դեպ, թուրքական կողմը ևս հստակ նախապայմաններ է առաջ քաշում։

«Եթե մենք Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ ենք, եթե մենք ցանկանում ենք դաշինքում և աշխարհում ընդհանրապես միասնաբար գործել, ապա ամերիկացիները պետք է անկեղծ մոտեցում որդեգրեն Թուրքիայի հանդեպ։ Այդ դեպքում դուք պետք է մեր կողքին լինեք, այլ ոչ թե ահաբեկիչների», - հայտարարում էր Էրդողանը։

Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների մի զգալի մասը վերաբերում է Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը։ Թե' Միացյալ Նահանգները և թե' Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ ռուսական արտադրության այդ համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ և անգամ կարող են վնասել դաշինքի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգին։ Պետդեպարտամենտի տեղեկություններով` Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Արևմուտքի միասնական այս դիրքորոշումը՝ մեկ անգամ ևս Թուրքիային կոչ անելով հրաժարվել ռուսական սպառազինության շահագործումից։

Թուրքական կողմն, ի դեպ,վերջին շրջանում ակնարկում է, որ այս հարցում հնարավոր են փոխզիջումային լուծումներ։ Անկարան մասնավորաբար առաջարկում է երկկողմ աշխատանքային խումբ ստեղծել, ինչպես նաև խոստանում է, որ C-400-ները կարող են ոչ թե լիարժեք, այլ մասնակի մարտական հերթապահություն իրականացնել։

«Մենք այդ համակարգերը մշտապես օգտագործելու մտադրություն չունենք։ C-400-ները օգտագործվելու են՝ ելնելով առկա սպառնալիքների լրջությունից», - անցած շաբաթ հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

XS
SM
MD
LG