Անկարան զգուշացնում է Վաշինգտոնին, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման առնչությամբ ամերիկյան ճնշումը Թուրքիայի վրա կարող է «բումերանգի ազդեցություն» ունենալ։
«Եթե որևէ այլ երկիր առավելապաշտական մոտեցում է ցուցաբերում մեզ, ասես, գիտե՞ս կա՛մ մեր ուզածով է լինելու, կա՛մ՝ ոչինչ, ապա նման վերաբերմունքն այլ ուղղությամբ է տանում», - հայտարարում է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Ռազմական նույն դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարումն ակնհայտ դարձավ 2019 թվականի ամռանը, երբ Թուրքիան հայտնեց ռուսական արտադրության S-400-ների գնման մասին։ Միացյալ Նահանգները համարում է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ և սպառնալիք են հանդիսանում եվրո-ատլանտյան ռազմական միության համար։
Թուրքիան, իր հերթին, հայտարարում է, որ հետ քայլ չի անելու խնդրահարույց սպառազինության հարցում, քանի դեռ Միացյալ Նահանգները զիջումների չի գնում աշխարհաքաղաքական մի շարք հարցերի համատեքստում։
«Ամերիկյան կողմը պետք է հասկանա Թուրքիայի ազգային անվտանգության շահերը, մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել մեր դաշնակիցների կողմից», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը կիրակի «Բլումբերգ»-ին հրապարակված հարցազրույցում։
Նախորդ տարվա դեկտեմբերին ռուսական համակարգերի գնման առնչությամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Պատժամիջոցները վերաբերում են Թուրքիայի ռազմական ոլորտին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային բացառել էր F-35 կործանիչների արտադրության ծրագրից, որտեղ Թուրքիան ոչ միայն արտադրող էր, այլև գնորդ։
Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո Թուրքիան մի քանի փորձ է արել՝ բանակցելու աղմկահարույց խնդրի վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգները պարբերաբար հայտարարել է, որ պատժամիջոցները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերից։
Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն կանխել է թուրքական արտադրության 30 ATAK հարձակողական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին։ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը չեղարկվել է, քանի որ սահմանված պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային արտոնագիր տալ ուղղաթիռների շարժիչների արտահանման համար։