Մատչելիության հղումներ

Գիշերը Բաղրամյան պողոտայում միջադեպեր չեն եղել


Բաղրամյան պողոտայում գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր չեն եղել։

Ցուցարարները գիշերել են վրաններում։ Տարածքում փոքրաթիվ ոստիկաններ կան։

Վաղ առավոտյան պողոտա եկավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա զրուցեց քաղաքացիների հետ, պատասխանեց նաև «Ազատության» հարցերին։ Մանուկյանն ասաց, որ շուրջօրյա հանրահավքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը հրաժարական տա։ Վազգեն Մանուկյանն իրենց խնդիրն 90 տոկոսով լուծված համարեց։

Նշենք, որ այսօր նախնական ժամանակով ժամը 13։00-ին նախատեսված է Ազգային ժողովի նիստ, որը նախաձեռնել են ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Երեկ ևս նիստ էր նախատեսված, սակայն այն չկայացավ, քանի որ իշխանական խմբակցության անդամները չներկայացան Ազգային ժողով և նիստը տապալվեց։ Այսօրվա նիստը կկայանա, թե՝ ոչ, հայտնի կլինի ավելի ուշ։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ այսօր ժամը 13։00-ին իրենք զուգահեռ հանրահավաք են անելու, որից հետո երթ կլինի։ Հետագա գործողությունների մասին նա չխոսեց։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջին միացել է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո հնարավոր է կառավարությունը նահանջի և վարչապետը հրաժարական տա, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է նշանակում Գլխավոր շտաբի պահանջը, «սա դատավճիռ է»։

Մանուկյանը դեռ Բաղրամյան պողոտայում է։ Պողոտան շարունակում է փակ մնալ Մոսկովյան-Բաղրամյան հատվածից մինչև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։

XS
SM
MD
LG