Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականը կարող է խնդրի լուծում լինել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականը կարող է խնդրի լուծում լինել: Այս մասին նա ասաց կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում:

«Ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա հարցի լուծում կարող է լինել: Ես մի քանի առաջարկներ ներկայացրել եմ, ցավոք, մերժել են, և ես կարծում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի», - հայտարարեց նա:

Վարչապետ Փաշինյանն այնտեղ հանդիպեց իր աջակիցներին: Նրանք եկել էին հրապարակ հենց Փաշինյանի հորդորով: Վերջինս Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո իր աջակիցներին հորդորեց գալ Հանրապետության հրապարակ` նշելով, որ ինքն այնտեղ ելույթ կունենա: ԳՇ-ն պահանջում է վարչապետի և նրա կառավարության հրաժարականը: Գլխավոր շտաբի մի քանի տասնյակ զինվորականներ հայտարարությամբ հանդես եկան` նշելով, որ վարչապետն այլևս ընդունակ չէ ադեկվատ որոշումներ կայացնել:

Կառավարության դիմաց կարճ զրույցից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ սկսվեց` Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա Խանջյանով երթը վերադառնում է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին նախատեսված է վարչապետի ելույթը:

Երթը անցնում էր նաև Օպերայի մոտով, որի ճաղավանդակների մի կողմում էլ հավաքված էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը:

Նրանք և երթի մասնակիցները միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցրին, այդ թվում` սեռական բնույթի, սակայն ընդհարումներ չեղան:

XS
SM
MD
LG