Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Օպերայի հարակից տարածքում․ բախում Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև


Արդեն մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Ազատության հրապարակում: Վարչապետի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում են, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը հրամայական է, և իրենք միանում են Գլխավոր շտաբի հայտարարությանը` սատարելով այն:

Հանրահավաքի մեկնարկից առաջ, երբ այստեղ դեռ այդքան մեծ թվով ժողովուրդ չէր հավաքված, բավականին լարված իրավիճակ ստեղծվեց, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն անցնում էր Ազատության հրապարակի մոտով: Այստեղ երկու խմբերի` Փաշինյանի հրաժարականը պահանջողների և նրան սատարողների միջև բախում գրանցվեց, թեև ոստիկանությունը կանգնած էր նրանց միջև: Այնուամենայնիվ, խոշոր բախումից հնարավոր եղավ խուսափել: Երկու կողմերը ճաղերի և ոստիկանական շարքի հետևից միմյանց վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հասցնում, որոշ դեպքերում նաև քարեր նետեցին, սակայն այդքանով սահմանափակվեց:

Հանրահավաքի ընթացքում շարժման վարչապետի թեկնածու Վազեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով` նշելով, որ իշխանություններին քիչ է մնացել, և նրանք արդեն հոգեվարքի մեջ են, իրենք պիտի մտածեն հաջորդ փուլի մասին. «Այս իշխանությունն արդեն հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ, նորից իր ձեռագիրն է` ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ ստեղծել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն: Մենք դեռ երկար այստեղ կանգնած կմնանք, որովհետև գործն արդեն վերջանում է, վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին պետք է դեն շպրտենք և վերականգնենք մեր հայրենիքը, և ոնց որ միասին էինք դուրս շպրտելու մեջ, նույն կերպ միասին պետք է լինենք երկիրը վերակառուցելու, դարձնելու արդար, հզոր Հայաստան»:

Նշենք, որ Ազատության հրապարակում` հարթակում է նաև ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով ողջունեց զինված ուժերի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG