Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժումը» ողջունել է Զինված ուժերի հայտարարությունը և իր զորակցությունը հայտնել


«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացնում, 20-ը փետրվարի, 2021թ
«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացնում, 20-ը փետրվարի, 2021թ

Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ողջունում է Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում Զինված ուժերին։

«Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետևանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության», - ասված է հայտարարությունում։

Շարժումը քաղաքացիներին զսպվածության կոչ է արել։

«Կոչ ենք անում չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։ Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը», - ասված է հայտարարությունում։

Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG