Մատչելիության հղումներ

«Ռոյթերս»-ն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը Թուրքիայի վրա


ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

«Ռոյթերսը» անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը Թուրքիայի վրա։

Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։

Թուրքական լիրան ավելի խոցելի կդառնա, եթե Բայդենը Սպիտակ տուն մտնի ու սեղմի Թուրքիային վաղուց սպառնացող պատժամիջոցների ձգանը, նշում են վերլուծաբանները։ ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արևմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը Վաշինգտոնի գնահատմամբ՝ սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։

Անցած շաբաթ առաջատար հանրապետական ու դեմոկրատական սենատորները կրկին կոչ արեցին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ Թուրքիան առաջին անգամ փորձարկեց ռուսական հրթիռները՝ առաջացնելով Պենտագոնի ու Պետդեպարտամենտի վրդովմունքը։

Պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա, որը վերջին երկու տարիների ընթացքում անկում է գրանցել։ Այս տարվա մեջ թուրքական լիրան 24 տոկոսով արժեզրկվել է, հասնելով երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նվազեցրել էր հնարավոր պատժամիջոցների հետևանքները և խոստացել, որ Թուրքիան իր հերթին պատասխան պատժամիջոցների կդիմի։

Սակայն վերլուծաբանները նշում են, որ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքները անիմաստ դարձան այն բանից հետո, երբ 2019-ին կեսերին Մոսկվան հրթիռային համակարգերը առաքեց Թուրքիա: Նրանց կարծիքով՝ դա տեղի ունեցավ, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնպահ մնաց պատժել Էրդողանին, ում հետ պարբերաբար հեռախոսազրույց էր ունենում, հուսալով խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

Էրդողանը Թրամփի հետ ջերմ հարաբերությունները օգտագործել է նաև ռազմական մկաններ ցույց տալու նպատակով Սիրիայում, Լիբիայում, Միջերկրականում և այս ամիս նաև Լեռնային Ղարաբաղում։ Թուրքիայի արտաքին ռազմական միջամտությունների ակտիվությունը բացատրվում է վերջին տարիներին տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալու հանգամանքով։

Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է սառնություն առաջանալ, եթե նոյեմբերի 3-ին հաղթի Բայդենը։

Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։ Նրա նախընտրական պլատֆորմը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին կոչ է անում վերահաստատել իրենց պարտավորությունները, որպես ժողովրդավարական դաշինքի անդամ։

Ներդրողները գտնում են, որ լիրայի անկումը արդեն մասամբ արտացոլում է Բայդենի ընտրվելու դեպքում ռիսկերը։ Թուրքական ակտիվների վերականգնումը կարող է հետաձգվել մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո Սպիտակ տան որոշումը, թե արդյոք պատժամիջոցներ կկիրառվե՞ն Թուրքիայի դեմ և այն ինչ չափերի կարող է հասնել։

«Բայդենի հաղթանակն անկասկած կմեծացնի ամերիկյան պատժամիջոցների ռիսկերը, և իհարկե դուք կանհանգստանաք անկայուն ֆինանսական շուկայի վերադարձի հեռանկարից, որն արդեն տուժել է համավարակի պատճառով», - մեկնաբանել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային առաջատար տնտեսագետ Ռոջեր Կելլին։

Թուրքական լիրայի անկումը կապված է երկրի կենտրոնական բանկի արտարժութային ռեզերվները նվազելու, երկնիշ սղաճի հետ։

Ներդրողների մի մասը լավատես է տրամադրված, պնդելով, որ թուրքական արժեթղթերն ու բաժնետոմսերը լավ հիմք են եկամուտների համար, չնայած որոշ անկայուն շրջանների։

Նման կարծիք է հայտնել Լոս Անջելեսում անկախ հետազոտական EM ընկերության նախագահ Բլեզ Անթինը, նշելով, որ այնուամենայնիվ Բայդենի դեպքում Սպիտակ տան կապը Էրդողանի հետ ամենայն հավանականությամբ ավելի թույլ կլինի։ Միաժամանակ նա նշել է, որ Էրդողանը պրագմատիկ մարդ է և նման զարգացումների դեպքում կփորձի որոշ պտույտներ կատարել։

XS
SM
MD
LG