Սիրիայի հյուսիսում սրվել է առճակատումը Ռուսաստանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի և թուրքական բանակի միջև։
Երկրի հյուսիս-արևմուտքում Բաշար Ասադի զորքերի կողմից հարվածների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել, 36-ը վիրավորվել են:
Սիրիայում պատերազմի 9 տարիների ընթացքում սա Թուրքիայի ամենամեծ միաժամանակյա կորուստն է:
Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Որոշում է կայացվել Ասադի ուժերի դեմ պատասխան գործողությունների մասին` օդից և ցամաքից, հարվածելով «բոլոր հայտնի թիրախներին», ինչպես ասել է Անկարայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը «Անադոլու» գործակալությանը:
Թուրքիան հայտարարում է, որ իր ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել սիրիական կառավարական ուժերի դեմ:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Ստոլտենբերգը «բոլոր կողմերին հորդորել է չսրել վտանգավոր իրավիճակը և խուսափել տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից»:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին, և պահանջել է, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանը Իդլիբում: