Սիրիայի հյուսիս-արևմուտքում Բաշար Ասադի և սիրիական զինված ընդդիմության միջև մարտերը շարունակվում են:
Վերջին օրերին թուրք զինվորականների շրջանում տասնյակ կորուստներից հետո Թուրքիան շարունակում է հարվածներ հասցնել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ` տեղեկացնելով, որ Ասադն ու նրան աջակցող Ռուսաստանը խախտել են Իդլիբում հրադադարի պայմանները: Պաշտոնական Անկարան հայտարարում է Սիրիայում «Գարնանային վահան» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, միևնույն ժամանակ ընդգծում, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան կանգնեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Այսօր իրարամերժ տեղեկություններ են ստացվում Սիրիայում թռչող սարքերի կործանման մասին: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է սիրիական բանակի օդանավի խոցման մասին, այլ աղբյուրների համաձայն` ոչնչացվել է անօդաչու սարք: Սիրիական լրատվամիջոցներն էլ պնդում են, որ կործանվել է թուրքական թռչող սարք:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Սիրիական հակամարտության հակադիր ճամբարներում գտնվող երկու երկրներն ավելի վաղ հանդես էին եկել որպես հրադադարի երաշխավորներ:
Կողմերին, մասնավորապես, չի հաջողվում համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, երկու կողմերն էլ փորձում են իրականացնել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքը մաքրելու սեփական պլանը` Մոսկվան՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ասադին, Անկարան՝ Ասադին ընդդիմացող զինված խմբավորումներին: