Մատչելիության հղումներ

Չնայած բանակցությունների կոչերը չմերժելու Երևանի ու Բաքվի ազդանշաներին՝ Ղարաբաղում ծանր մարտերը չեն դադարում


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երեկ հանդես գալով հայտարարությամբ դատապարտել է շարունակական բռնությունները, մարտական գործողությունները դադարեցնելու ու առանց նախապայմանների բանակցությունների կոչ արել, ինչպես նաև ընդգծվել է, որ արտաքին ուժերի մասնակցությունը վտանգում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։

Համանախագահների հայտարարությունից հետո Երևանից և Բաքվից բանակցությունները չմերժելու ազդանշաններ են լսվում։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար այդ երեք երկրները (համանախագահները) պետք է շարունակեն միասին աշխատել, բայց չեզոքություն պահպանելու պայմանով։ Նա ասել է, թե Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, իսկ բանակցությունների տապալումը գցել է Հայաստանի նոր իշխանությունների վրա։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել էր Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությունը։

Չնայած բանակցությունները չմերժելու հակամարտ կողմերից լսվող ազդանշաներին, Ղարաբաղում մարտական գործողությունները, ծանր մարտերը շարունակվում են։

Ադրբեջանցիների կողմից կռվող սիրիացի գրոհայինների մասին հաղորդում է նաև Մարդու իրավունքների սիրիական ուսումնասիրությունների կենտրոնը, որը գտնվում է Լոնդոնում։ Ըստ այդ կենտրոնի, Ղարաբաղում արդեն առնվազն սիրիացի 28 գրոհային է զոհվել, իսկ նրանց ընդհանուր թիվը մոտավորապես 850 է:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ կորուստների մասին արժանահավատ աղբյուրներից մեկը համարվում էր հենց այդ կենտրոնի հրապարակած տվյալները։

Այսօր հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի արտգործնախարարությունը։ Հրադադարի կոչերից բացի, Դամասկոսը Ադրբեջանի կառավարությանը զգուշացրել է զգոնություն ցուցաբերել, չընկնել թուրքական թակարդը, այլ պատասխանել առճակատումը զսպելու ու երկխոսության վերադառնալու հայկական կողմի նախաձեռնությունը։

«Թուրքիան նպատակ է հետապնդում ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Անկարայի գործողությունները ամենուր հանգեցնում են լարվածության աճի ու կրոնական հակասությունների սրման», - «Սանա» գործակալության փոխանցմամբ՝ ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում։

Հայաստանի ու Ադրբեջանի հարևան երկու երկրները՝ Վրաստանն ու Իրանը այսօր կրկին կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները՝ հակամարտ կողմերին առաջարկելով իրենց օգնությունը բանակցությունները վերսկսելու համար։

Իրանը Բաքվին և Երևանին նաև կոչ է արել անհրաժեշտ զգուշություն ցուցաբերել, վնասներ չհասցնել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանամերձ շրջաններին։ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսում հայտնել է, որ ղարաբաղյան առճակատման գոտում շարունակվող մարտական գործողությունների ընթացքում մի քանի արկեր ընկել են իրանի տարածքի վրա։

«Մենք հայտարարում ենք, որ հակամարտության մասնակիցների կողմից ցանկացած տիպի հարձակում մեր տարածքների վրա անընդունելի է։ Լուրջ նախազգուշացնում ենք, որ կողմերը ցուցաբերեն անհրաժեշտ զգուշություն», - հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտ է դադարեցնել առճակատումը և իրական երկխոսություն սկսել, նշելով, որ Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ նպատակներին հասնելու համար։

XS
SM
MD
LG