«ՀԱՊԿ-ը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը կայունության և անվտանգության գլխավոր գործոնն է մեր տարածաշրջանում, մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք ուղղություններին: Առաջին հերթին դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունը և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումը ընդհանուր սպառնալիքներին», - ասաց վարչապետը:
«Իհարկե, ցավոք, սպառնալիքները նույնպես փոխվում են, և մենք պետք է ադեկվատ արձագանքենք դրանց: Իհարկե, մեր կազմակերպությունը պետք է համապատասխանի տարածաշրջանային և համաշխարհային արդի իրողություններին: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք բավական կառուցողական համագործակցում ենք կազմակերության հետագա զարգացման ուղղությամբ», - ընդգծեց Փաշինյանը:
«Գոհունակությամբ եմ ուզում նշել, որ մենք կարողացանք կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում համաձայնության գալ: Պետք է նաև կազմակերպության իրավական փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարենք, որտեղ կբնութագրվի, թե նման իրավիճակները ինչպես են հանգուցալուծվում: Կարծում եմ, որ սա նույնպես կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը», - նշեց Հայաստանի ղեկավարը:
«Սա շատ լավ առիթ է մեր ընդհանուր օրակարգի հարցերը քննարկելու համար: Մեր կազմակերպության գլխավոր էությունն այն է, որ արտաքին քաղաքական, ռազմատեխնիկական և մյուս բոլոր ուղղություններով հարաբերությունները կառուցելիս պետք է հաշվի նստենք բոլոր անդամ պետությունների շահերի հետ: Ես կարծում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները պետք է առաջնահերթություն լինեն բոլորիս համար: Իհարկե, մենք դա հենց այդպես էլ ընկալում ենք, և Հայաստանը պատրաստ է և հենց այդպես էլ գործում է մեր արտաքին քաղաքական հարաբերություններում: Սա, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ է մեր հարաբերությունների և ՀԱՊԿ-ի հետագա նորմալ զարգմացման համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 12-րդ լիագումար նիստերը: