Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն և դիրքորոշում կմնա որպես այդպիսին. ԱԳՆ խոսնակ


ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2019թ.
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2019թ.

Պաշտոնական Երևանը չի շտապում մեկնաբանել՝ արդյո՞ք Ռուսաստանի փոխվարչապետի՝ նախօրեին արած հայտարարությունը հակասում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթին:

Երեկ Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին մասնակցող Յուրի Բորիսովն ասել էր, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունենա, հակառակը՝ կազմակերպությունում կողջունեն գործակցությունն Ադրբեջանի հետ։

«Առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին», - նշեց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ազատության» հարցին, թե այդ հայտարարությունը չի՞ հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանը պատասխանեց. «Ես նշեցի բոլոր չափանիշները, որոնք պետք է դիտորդը և գործընկերը համապատասխանի»։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը ՀԱՊԿ կանոնադրությունն է մատնանշում, ակնարկելով՝ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ ունենալ։ Բացի այդ, հիշեցնում է ՀԱՊԿ սկզբունքի մասին՝ որոշումները կայացվում են կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսով։

«Ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը։

Երեկ Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին մասնակցում էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որը խուսափեց մեկնաբանել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերյալ հարցին, սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ, թե ինքը չէ զենքի վաճառքով զբաղվում։ Այսօր այդ հարցը նաև Արտգործնախարարության խոսնակին տրվեց։ Նաղդալյանը թե՝ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ որոշ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բազմիցս է բարձրաձայնել։

«Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա։ Մեր մտահոգությունները լսելի են, կարող եմ դա արձանագրել։ Մենք հետևողականորեն քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բացառենք ՀԱՊԿ անդամ պետության կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքը», - ընդգծեց Նաղդալյանը։

Արտաքին գործերի նախարարությունում դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Միայն ասում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել հանդիպում և երկուստեք համաձայնություն է եղել։

«Որտեղ կկայանա և ինչ ժամկետներում, մենք բազմիցս ենք ասել՝ կա սկզբունք, որ դա մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով։ Հայկական կողմը երբևէ այդ սկզբունքը չի խախտել և չի էլ խախտելու», - նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հայաստանի արգործնախարարությունը կոշտ է արձագանքում ֆրանսիացի մի խումբ պատգամավորների Արցախ այցելության վերաբերյալ Բաքվի բողոքի նոտային՝ այն համարելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների շարունակություն։

«Ֆրանսիացի պատգամավորներին բացատրելու հարցում ադրբեջանական կողմը հիմնարար սխալ է թույլ տվել։ Մարդու իրավունքները մարդկանց մասին են, վերաբերում են նաև այն մարդկանց, որոնք բնակվում են Արցախում։ Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքների իրացման մերժումը, ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի դեհումանիզացիա, որը նաև Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի կողմից, ժողովրդի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների շարունակություն է», - ընդգծեց Նաղդալյանը։

Օրերս Ստեփանակերտ ժամանած ֆրանսիացիա պատգամավորները ծաղիկներ էին խոնարհել Ցեղասպանության զոհերի ու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների շիրիմներին: Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ելույթ ունենալով Արցախի խորհրդարանում, ասել էր, որ մտադիր է Արցախում տեսածը պատմել Ֆրանսիայում և աշխարհին հիշեցնել մոռացվող այս հակամարտության մասին:

Պաշտոնական Բաքուն ֆրանսիացի 7 պատգամվորներին պատասխանել էր՝ նրանց անունները «սև ցուցակում» ընգրկելով։ Ադրբեջանը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը «վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի», այսպես կոչված, «գրավյալ տարածքներ իր օրենսդիրների ապօրինի այցերը կանխելու դեմ»։

XS
SM
MD
LG