Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ստանիսլավ Զասի թեկնածությանը գլխավոր քարտուղարի պաշտոնում


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը կներկայացվի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի թեկնածությունը, ով, կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում, այդ պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից։ Այսպիսի որոշում է կայացրել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը կայացել է երեկ Բիշքեկում:

Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, որոշում է ընդունվել ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել և Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարության մասին կանոնակարգում։

Հիշեցնենք՝ եկող տարվա հունվարի 1-ից Բելառուսն իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, որը երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասն է:

Բիշքեկում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքը սկսել է՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները:

Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ Մնացականյանն ընդգծել է, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:

Մնացականյանը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:

Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին է ներկայացրել ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ պետության դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել են մի շարք փաստաթղթեր, ներառյալ՝ նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հայտարարությունը, 2019-ի համատեղ հայտարարությունների թեմաների ցանկի մասին որոշումը, ինչպես նաև 2019-ի երկրորդ կիսամյակի ընթացքում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագրի մասին որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG