Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ ՀԱՊԿ-ում ոչ թե վեճ կար Հայաստանի ու Բելառուսի մեջ, այլ՝ անհստակություն


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով ամիսներ տևած բանավեճը կարծես հանգուցալուծվում է: Օրերս Երևանում էր Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, նրան ընդունեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքականությունը ներսից» հաղորդման ընթացքում «Ազատություն»-ը արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրուցել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի, Ռուսաստանի և Բելառուսի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:

«Ազատություն»․ - Մենք կարո՞ղ ենք ասել, որ այս [ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի] հարցը փակված է, և հակասությունները լուծված են:

Շավարշ Քոչարյան․ - Նախ, անորոշ իրավիճակ չի եղել կազմակերպությունում, կազմակերպությունը ոնց գործել է, էդպես էլ շարունակել է գործել: Ավելի շատ էդ աժիոտաժը մեր հասարակության մեջ է, ու հասկանալի է՝ դա ինչով է պայմանավորված, մենք դրա մասին բազմիցս ասել ենք․ խնդիրը կայանում է նրանում, որ փաստաթղթերում տվյալ կազմակերպության, այնուամենայնիվ, կանոնակարգված չէր, առայսօր դեռ կանոնակարգված չի, այն իրավիճակը, երբ գլխավոր քարտուղարը ինչ-ինչ պատճառներով չի կարող շարունակել իր պաշտոնավարումը, լիազորությունների իրականացումը, այդ դեպքում ոնց պետք է վարվել: Քանի որ ձևակերպումը համապատասխան կանոնակարգում անորոշ է, տեղիք է տալիս երկու մեկնաբանության՝ հայկական մեկնաբանությունը նա էր, որ մնացած ժամկետի համար մենք պետք է նոր թեկնածու առաջարկենք, մեր օպոնենտները ասում էին՝ բայց էնտեղ չի գրված, որ այդ տեղը տրվում է պետությանը, այլ անձն է նշանակվում երեք տարով, եթե ինքը չի կարող, ուրեմն՝ անցնում է այբբենական կարգով մյուսին, իսկ մյուսը Բելառուսն էր:

Իրականում, ես ուզում եմ մի բան արձանագրեմ, էստեղ ոչ թե վեճ կար Հայաստանի ու Բելառուսի մեջ, այլ խնդիրը կայանում էր այդ անհստակությանը: Եվ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է՝ պետք է լինի ունիվերսալ կանոն, որը պետք է գործի այս դեպքում և ապագայում, ավելին՝ այդ խաղի կանոնը թույլ կտա, որ ապագայում նմանատիպ տարընթերցումներ, բանավեճեր չառաջանան:

Ես կարծում եմ, որ մեր մոտեցումը, այնուամենայնիվ, ընդունվեց: Ի՞նչ առումով: Առաջինը՝ քանի որ չհասցրին այ էդ ունիվերսալ կանոնը հաստատել այս ժամանակահատվածում, այդ իսկ պատճառով, երկու որոշում է ընդունվելու․ մեկը՝ առ այն, որ հաջորդը Բելառուսն է, իր ներկայացուցիչն է լինելու, բայց երբ որ սպառվի հայկական ժամկետը, և երկրորդը՝ միաժամանակ հանձնարարական, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում՝ այդ խաղի կանոնը հստակեցնել, որ ապագայում նմանատիպ իրավիճակներ չլինեն:

«Ազատություն»․ - Այսինքն, ես ճի՞շտ եմ հասկանում, որ, այնուամենայնիվ, Հայաստանի տեսակետը հաղթեց, և ստացվում է, որ ժամկետը տրվում է երկրին, ոչ թե թեկնածուին:

Քոչարյան․ - Գիտե՞ք, տարբեր տեսակետներ կար: Կար տեսակետ, որ ամեն դեպքում՝ պիտի մենք երկրորդին առաջարկենք, որը որ ուղղակի չէր բխում կանոնակարգից: Էդ տեսակետից, կարելի է ասել, որ, այո, Հայաստանի մոտեցումը առ այն, որ կամ պետք է ի սկզբանե հստակեցնել խաղի կանոնը, հետո անդրադառնալ հարցին, որը չհաջողվեց, կամ էլ, երկրորդը՝ որ մեր ժամկետը սպառվի, որից հետո էդ հարցերը լուծվի, ըստ էության ինչ ստացվեց՝ զուգահեռ լուծվեց երկու հարց, այսինքն՝ և՛ խաղի կանոնն է հստակեցվելու, հանձնարարականը կա, նմանատիպ իրավիճակներում ինչպես պետք է վարվեն անդամ պետությունները․․․

«Ազատություն»․ - Որպեսզի այդ հարցը հստակեցվի, հետագայում նման իրավիճակ չլինի:

Քոչարյան․ - Այո: Եվ երկրորդը, նաև, այ էդ կոնսենսուսային որոշումը եղավ, որ պարտականությունները ստանձնելու է արդեն մյուս տարվա հունվարի 1-ից, երբ կավարտվի Հայաստանի լիազորությունների ժամկետը, այդպես ասենք:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG