«Ժամանակ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ։ Հարցին՝ դիտարկելով այսօրվա զարգացումները՝ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա՞, Աղվան Վարդանյանը պատասխանում է․ - «Բոլոր նախագահական ընտրություններից առաջ էլ այդ հարցը օրակարգում է դրվում։ Ես կարծում եմ՝ հիմա շատ կարեւոր խնդիր է ձեւակերպել հարցերի այն շրջանակը, որոնք անհրաժեշտ են այս երկրին։ Ակնհայտ է, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք կապված երկրի զարգացման, մեր քաղաքացիների վիճակի բարելավման, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Այդ բոլոր հարցերը լուծումներ են պահանջում։ Ցավոք, խորհրդարանական ընտրություններն իրենց արտաքին ֆոնով հանդերձ իրականում իշխանության վերարտադրման մեխանիզմներ էին»։