Մատչելիության հղումներ

Հուլիսի 21-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այսօր բավականին մոդայիկ է դարձել այն տեսակետը, թե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, որովհետեւ հասարակությանը համախմբող գաղափար չկա: Կոպիտ ասած` չկա այն նպատակը, հանուն որի բոլորը միասնաբար պայքարեն: Իրականում, իհարկե, այդ նպատակը լավ էլ գոյություն ունի: Շատ կարճ դա հնչում է այսպես. բոլորն էլ ուզում են ապրել նորմալ երկրում: Թե չէ այսօր մեկը «հայկական աշխարհ» է կառուցում, մյուսը Ստամբուլն է գրավում, երրորդն առաջարկում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ, չորրորդը սարեր է տեղաշարժում… Պարզապես կարելի է պայմանավորվել, որ սրանից հետո առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ վերջ: Առանց վերապահումների: Ահա եւ հասարակությանը համախմբող գաղափարախոսություն: Ընդ որում` «սահմանադրական կարգի վերականգնում» ձեւակերպումն այնքան էլ ճշգրիտ չէ, որովհետեւ մեծ հաշվով` այդ կարգը Հայաստանում երբեք էլ լիարժեք չի գործել: Երեւի ավելի ճիշտ կլինի խոսել սահմանադրական կարգի հաստատման մասին»:

«Ժամանակ»-ը զրուցել է Դավիթ Շահնազարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այդ եռանկյունին՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ, կարծես իրար երկրորդելով հիմա խոսում է ընդդիմադիր միասնական թեկնածուի մասին»: Պատասխան. - «Որպես եռանկյունի, դա հավասարակողմ եռանկյունի չէ, դա նույնիսկ հավասարասրուն եռանկյունի չէ, որտեղ երկու կողմերն են իրար հավասար: ՀՅԴ-ն ասել է, որ իր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, դա չի հերքվել, ավելին` չէր էլ կարող հերքվել: Երկրորդ՝ ակնհայտ չէ՞, որ դա պիտի լինի ԲՀԿ թեկնածուն: Ահա ուժերի հարաբերակցությունը` որոշիչ անկյունն է որոշելու, թե ով է լինելու միակ թեկնածուն: Տվյալ դեպքում նույնիսկ կարեւոր չէ՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է լինելու, թե՞ ոչ, դա լինելու է այն թեկնածուն, որը կառաջադրվի ԲՀԿ կողմից: Միաժամանակ, նաեւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն չի որոշելու, թե ով է լինելու իր թեկնածուն: Այստեղ խոսքը Քոչարյանի մասին չէ, քոչարյանիզմն է, որը այսօր քաղաքական դաշտում էապես վերակենդանացվել է եւ մեծ դեր է կատարում հենց Կոնգրեսի ջանքերի շնորհիվ: Ավելացնեմ նաեւ՝ թող որեւէ հույս չունենան, որ այդ եռյակը, եթե նույնիսկ ծնի միասնական թեկնածու, դա կլինի ընդդիմադիր թեկնածու: Ի՞նչ ընդդիմադիր միասնական թեկնածու... Անվանեք` օլիգարխիայի թեկնածու, բայց մոռացեք` «ընդդիմադիր թեկնածու» ձեւակերպումը»:

«Հրապարակ»-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններում պարտված թեկնածու Վիտալի Բալասանյանին հարցնում է. - «Եթե համարում եք, որ ընտրություններն անարդար են, ինչո՞ւ եք ընդունում դրանց արդյունքները»: Պատասխան. - «Այո, մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները եւ համարում ենք, որ ունենք այն, ինչ ունենք: Վիտալի Բալասանյանն իր հայտարարության մեջ հստակ նշել է, որ մենք վերապահումներ ունենք՝ կապված իշխանության թեկնածուի օգտին վարչական ռեսուրսի համատարած օգտագործման հետ, որն Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում էր: Դատախազության աշխատակիցները, դատավորները, զինվորականները, ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ ակտիվորեն ներգրավված էին իշխանության թեկնածուի քարոզարշավում: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին մենք ահազանգել ենք, նաեւ՝ նախընտրական շրջանում տարածած մեր հայտարարության մեջ, հույս ունենալով, որ իշխանությունն անհրաժեշտ ուշադրություն կդարձնի դրանց վրա, բայց անարդյունք»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Էդուարդ Շարմազանովի հետ, ով գլխավորում էր Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդական առաքելությանը մասնակցած Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունը չճանաչելու մասին»: Պատասխան. - «-ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հայտարարությունը դիվանագիտական քայլ է ընդամենը: Շատ ավելի կարեւոր է, որ ԼՂ նախագահի հերթական ընտրությունից առաջ հայտարարություն արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ Մեկ անգամ եւս շեշտվեց, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Հենց այս իրավունքն իրագործելու փաստ է Արցախում արդեն հինգերորդ անգամ տեղի ունեցած նախագահական ընտրությունը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը ասում է. - «Իմ ընկալմամբ՝ հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ տոլերանտությունը ավելի արմատավորվում է, որն ինքնին նպաստում է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության նվազմանը: Պետությունը միայնակ՝ առանց հասարակության աջակցության, ի զորու չէ կոռուպցիան ամբողջապես արմատախիլ անել: Դա պետք է արվի հասարակության աջակցությամբ, որը պետք է նույնպես անհանդուրժող լինի այդպիսի երեւույթների հանդեպ: Բայց ես, որպես քաղաքացի, շատ դեպքերում իմ շփումներում նկատում եմ, որ բնակչության մոտ կոռուպցիայի նկատմամբ, նույն կաշառք տալու երեւույթի հանդեպ շատ տոլերանտ եւ նորմալ վերաբերմունք է դրսեւորվում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG