«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես, երեկ Հայ ազգային կոնգրեսը փակեց քաղաքական տարին` հայտարարելով, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փետրվար-մարտին նշանակալի իրադարձություններ կարող են սպասվել Հայաստանի քաղաքական կյանքում: Ըստ ամենայնի, տարին փակած կարելի է համարել նաեւ իշխանության համար: Դեկտեմբերը երեւի թե հանդարտ կանցնի, աղմկոտ պաշտոնանկությունների շարան չի լինի: Հայաստանի քաղաքական կյանքը թերեւս «ձմռան քուն» է մտնում, իհարկե` գարնանը գերակտիվանալու աներկբա հեռանկարով, որովհետեւ գարնանը թեժ շրջան է մտնում նախընտրական մթնոլորտը: Գուցե դեռ վաղ է տարին ամփոփել, սակայն այդուհանդերձ կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ քաղաքական զիգզագի տարի էր»: