«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Կարո՞ղ է հաջողության հասնել այն պետությունը, որտեղ քաղբանտարկյալներ կան կամ որտեղ հանցանք չգործած լրագրողը, թերթի խմբագիրը դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման: Կարո՞ղ է բարգավաճել մի երկիր, որտեղ ազատամարտիկը զրկվում է ազատությունից: Կարո՞ղ է հաղթանակների հասնել այն պետությունը, որտեղ սկզբունքային մարդկանց խիստ պակաս է զգացվում, որտեղ իշխում է կոռուպցիան եւ ամենաթողությունը, որտեղ ընտրության ելքը որոշում են ոչ թե ընտրողները, այլ հայաթների խուժանները: Բոլոր բանական մարդիկ կպատասխանեն, որ նման երկիրը դատապարտված է անհաջողությունների եւ կործանման»: